Մայր Աթոռ. Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 1 նոյեմբեր: Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցի-պետություն» թեմայով երկօրյա գիտաժողովը, որի նախաձեռնողներն են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ու Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Գիտաժողովի բացմանը նիստը նախագահող Տ. Շահե արք. Աճեմյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձ- մաղթանքը:
Անդրանիկ նիստի ընթացքում գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներով անդրադարձան Հայաստանյայց առաքելական Եկեղեցու իրավական խնդիրներին եւ սեփականատիրական հարցերինՙ համաձայն ՀՀ սահմանադրության: Ժողովականները նշեցին օրենսդրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունըՙ ի շահ պետություն-եկեղեցի փոխշահավետ համագործակցության, ինչպես նաեւ ազգային ավանդական արժեքների պահպանման: Քննարկվեց նաեւ տարբեր կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակի հարցը, հոգեորսության հիմնախնդիրը:
Գիտաժողովի մասնակիցների թվում են նաեւ արտասահմանցի գիտնականներ: Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Դավիթ եպս. Տուստին իր զեկույցում ներկայացրեց Անգլիկան եկեղեցու կարգավիճակը իր երկրում:
Վաղը գիտաժողովը կշարունակի աշխատանքը: Կլսվեն տարբեր թեմաներով զեկույցներ, որոնց թվումՙ «Եկեղեցական կալվածքների պետականացումը հրահանգող 1921-ի օրենքը եւ նոր օրենսդրությունը սեփականաշնորհման մասին», «Ազատազրկման դատապարտվածների խղճի-դավանանքի ազատության իրավունքը», «Պետություն-եկեղեցի, մշակութային ժառանգության պահպանման հարցը» եւ այլն: Ֆրանսիացի պրոֆեսոր Լյուկ Փերիի զեկույցը կպարզաբանի կոնկորդատների դրությունը եկեղեցի-պետություն հարաբերություններում: