«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԵՌ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՏԱԾ «ՁԵՌՆՈՑԸ»

Հարաբերական անդո՞րր փոթորկից առաջ

Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարը օրերս «Արմենտելին» հրավիրել էր 60-օրյա բանակցության, որին երեկվա դրությամբ դեռ ընկերությունը չէր պատասխանելՙ գլխավոր տնօրեն Ն. Յորղուլասի Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Երեկ Դավիթ Հարությունյանը լրագրողներին պարզաբանեց. «Մեր հրավերին «Արմենտելը» դեռ չի պատասխանել: Ակնկալում ենք այսօր կամ վաղը պատասխան ստանալ»: Ըստ նախարարի, բանակցություններն անխուսափելի ենՙ նախատեսված չարաբաստիկ «60 ա» լիցենզիայով, այլ հարց է, թե ի՞նչ ուղղվածություն կունենան դրանք, կլինեն ապարդյո՞ւն, թե՞, այնուամենայնիվ, կհասնեն արդյունքի: Բանակցություններին կմասնակցեն երեք կողմերՙ 0TE-ն, «Արմենտելը» եւ ՀՀ-ն, չնայած լիցենզիան նախատեսում է միայն «Արմենտելի» հետ բանակցություններՙ լիցենզիայի մասով: Բայց քանի որ կառավարությունն ունի նաեւ վեճՙ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի տիրույթում ներդրումների հետ կապված եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք կապված են ՕTE-ի հետ, բանակցությունների սեղանի շուրջ կնստի նաեւ ՕTE-նՙ իբրեւ երրորդ կողմ: «Ինչո՞ւ է ուշանում համապատասխան հանձնաժողովի գնահատականը «Արմենտելի» ներդրումների վերաբերյալ» հարցին ի պատասխան պրն Հարությունյանը շեշտեց, որ ստուգումները բավական ծավալուն են, իսկ պատասխանատու հայտարարություններից առաջ պետք է ճշգրտել ամեն ինչ, թե չէ «ԱԺ ամբիոնից հայտարարություններ ենք անում, իսկ հետո պարզում, որ դրանք չէին համապատասխանում իրականությանը կամ կային որոշ չափազանցություններ»: Հանձնաժողովն այժմ վերստուգումներ է կատարում երեք մարզերում: «Ցանկացած հայտարարություն պետք է հիմնավորված լինի, որպեսզի կարողանանք ցանկացած ատյանում պաշտպանել», եզրափակեց արդարադատության նախարարըՙ կրկին հաստատելով, որ ՀՀ կառավարությունը վճռականորեն է տրամադրված եւ առաջիկա բանակցությունները լինելու են վերջնական: Կընդունի՞ «Արմենտելը» ՀՀ կառավարության նետած «ձեռնոցը» եւ ինչպիսի՞ զիջումների կգնա: Համենայն դեպս, դատելով ընկերության տնօրենիՙ վերջերս հունական «Ստատուս» ամսագրին տված հարցազրույցի հաճոյախոսություններից, փոխզիջումային եզրեր գտնելու պատրաստակամություն հունական կողմից կարծես թե կա:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4