«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


ԷԼԻ՞ ՄԻ ԴԱԺԱՆ ՁՄԵՌ ԿԼԻՆԻ

Աշնան առաջին իսկական ցրտերի հետ Գյումրիում կրկին ծանր նստել է մոտեցող ձմռան սառն ուրվականը: Ինչպես ամեն տարի այս ժամանակ, բնակչության հանդեպ իրենց պահանջներում նորից կտրական ու սպառնալից են դարձել ջերմա, էներգա եւ գազամատակարարներ: Վարձերը, ավելի ճիշտՙ կուտակված պարտքերը պետք է անհապաղ մուծել, փակել, որ ձմռանը լույս, գազ, ջերմություն լինի: Թե չէՙ գնամ բերեմ, ծառը կտրեմ: Ի՞նչ անել, որ չպահանջեն: Քաղաքի միակ տաքացվող «Անի» թաղամասում ջեռուցման պարտքերը տարիներով են կուտակվել, եւ ջերմամատակարարներն այս կերպ կարծես թե այլեւս ի վիճակի չեն համակարգն աշխատեցնել: Ջերմամատակարարման ձեռնարկությունը դեռ ամառվանից մարդկանց հայտնում, բացատրում, հորդորում է, զգուշացնում, որ ոչ բավարար մուծումների դեպքում այս տարի արդեն հաստատ ջեռուցում չի լինի: Ասել է թեՙ թաղամասի մոտ 6,5 հազար ընտանիքների անապահով մեծամասնությունը Շիրակի խստաշունչ ու տեւական ձմռան պայմաններում այդ բետոնե պաղ շենքերում. պատկերացրեք ինչ կլինի: Էլցանցն էլ իրավացիորեն իրենն է պահանջում ու սպառնում հոսանքն անջատել:

Այսքանը կարծես քիչ էր, 2 օր առաջ էլ «Շանթ» հեռուստատեսությունը սրտի ցավով տեղեկացրեց, թե Երեւանից նոր տնօրենը եկել ու կարգադրել է բոլոր պարտք ունեցողների գազը (այսինքն սեփական տների որոշակի մեծ հատվածի տաքացման միջոցը) անջատել. Իսկ քաղաքում երեւի այնքան քիչ են ընդհանրապես պարտք չունեցող բաժանորդները: Մինչեւ հիմա իրար ինչ-որ կերպ հարմարվել են, ու քանի որ պարբերաբար վճարողները հիմնականում էլի թոշակառուներն ու նպաստառուներն են, ամսեամիս ինչքան կարողացել ենՙ վճարել են: Բայց հասկանալի է, որ դա բավարար չէ:

Էլ չենք խոսում տնակներում կուչ եկած հազարավոր ընտանիքների մասին:

Դժվար է անգամ մտածել, թե ինչ կլինի, եթե նշված բոլոր սպառնալիքները մեկտեղ իրականություն դառնան: Էլի՞ մի սարսափազդու դաժան ձմեռ է սպասում գյումրեցիներին: Ո՞վ է մեղավոր մարդկանց շարունակվող անվճարունակության համար: Եվ կա՞ ու ո՞րն է այս դեպքում պետության կարգավորիչ դերը.

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4