Երեկ գործադիրը գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ կայացրեց միանգամից երեք որոշում: Առաջինը բավական երկար վերնագիր ուներՙ ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձեւավորման քաղաքականության հայեցակարգի մասին: Ըստ այդմ, փաստորեն, նախատեսվում է անցում դեպի գյուղացիական կոոպերացիա: Հողի սեփականաշնորհումից հետո ստեղծված բազմաթիվ մանր գյուղացիական տնտեսություններն ունեն աշխատանքի կազմակերպման, վարձավճարների մուծման, բերքի իրացման ու մթերման խնդիրներ, որոնք էականորեն ավելի հեշտ են լուծվում կոոպերացիայի դեպքում: «Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ գյուղատնտեսական կոոպերացիան միշտ դրական արդյունքներ է տալիս», ասում է գյուղնախարար Զավեն Գեւորգյանը: Ըստ նրա, հայեցակարգը պետք է որ սահմանի կոոպերացիայի կազմակերպման սկզբունքները, կառուցվածքը, ինչպես նաեւՙ պետական աջակցությունը: Այդ հայեցակարգի հիման վրա կմշակվի ու մինչեւ հուլիսի մեկը կառավարության սեղանին կդրվի համապատասխան ծրագիր, որն ընդունելուց հետո կիրագործվի:
Մյուս երկու որոշումները վերաբերում էին բույսերի պաշտպանության ու կենդանիների կարանտինային եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանը: Մշակվել են 2002-2004 թթ.-ին անցկացվելիք համապատասխան միջոցառումների ծրագրեր:
Գ. Մ.