Կառավարությունն արձակված է, խորհրդարանի խոսնակը հրաժարվում է իր լիազորություններից, ցույցերը շարունակվում են
Արդեն երկու օր Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ շարունակվում են ցույցերը: Շուրջ 5 հազար ցուցարարներ պահանջում են նախագահ Շեւարդնաձեի հրաժարականը: Երեկ կեսօրին Վրաստանի նախագահն ազատ արձակեց ողջ կառավարությունը, իսկ նախօրեին արդեն հրաժարական էր տվել ազգային անվտանգության նախարար Վ. Կուտատելաձեն: Վրաստանում ներքաղաքական ճգնաժամն սկսվեց այն բանից հետո, երբ անվտանգության 30 աշխատակիցներ ֆինանսական փաստաթղթեր ստուգելու պատճառաբանությամբ ներխուժեցին անկախ եւ Վրաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող «Ռուսթավի-2» հեռուստաընկերություն: Ցուցարարները նշում են, որ սա ազատ խոսքը ոտնահարելու փորձ է: Համաձայն Վրաստանի սահմանադրության, նախագահի հրաժարականի դեպքում պարտավորությունները դրվում է խորհրդարանի խոսնակի վրա:
Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում խոսնակ Զուրաբ Ժվանիան հայտարարեց, որ ՆԳ նախարար Կախա Թարգամաձեի եւ գլխավոր դատախազ Գիա Մապարիշվիլիի հրաժարականից հետո վայր է դնում խոսնակի իր լիազորությունները: Նա հայտարարել է, որ պետք է շուտափույթ ընտրել նոր խոսնակի, հաղորդում է Ինտերֆաքսը:
Արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ ուժային նախարարների հրաժարականը միայն առաջին քայլն է Վրաստանի կոռումպացված իշխանությունների մաքրման առումով: Վրաստանում հայտնի քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին նշել է, որ հենց ուժային նախարարների գիտությամբ է կատարվել ներխուժումը «Ռուսթավի-2», հասկացնելով, որ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը նախագահ Շեւարդնաձեի եւ նրա համախոհների սարքած գործն է: Ռուս խորհրդարանականները հիմնականում այն կարծիքն են արտահայտում, թե պաշտոնական Թբիլիսիի գիտությամբ իրականացվող «հեղաշրջումը» նպատակ է հետապնդում հակառուսական տրամադրություններով հայտնի Շեւարդնաձեի փոխարեն իշխանության բերել առավել հակառուսական մեկին:
Նախագահ Շեւարդնաձեն հատուկ հեռուստաելույթում հայտարարել է, թե ինքը հրաժարական չի տա: Թե ինչպես են զարգանալու Վրաստանի ներքաղաքական իրադարձությունները, չափազանց բարդ է ինչ-որ բան կանխագուշակել:
Թ. Հ.