Այս տարի Հայաստանի Հանրապետությունում պետականորեն նշվում է 20-րդ դարի մեծ ռազմական, քաղաքական ու գաղափարական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյակը: Այս առթիվ Հայաստանում եւ արտերկրում լույս են տեսնում տարբեր հրատարակություններ: Հրատարակչական ոլորտում հատկապես ակտիվ է «Ազգայնական ակումբ» հասարակական կազմակերպությունը, որը նախորդ ինն ամիսներին հասցրել է հրատարակել Նժդեհի երկերի «Հատընտիրը» (հոգածությամբ Մեսրոպ արք. Աշճյանիՙ վերահրատարակվել է ՀՀ կառավարության կողմից), Վալերի Միրզոյանի «Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունն ու լեզվաշխարհը», Արտակ Վարդանյանի «Նժդեհյան մասունքները», Մուշեղ Լալայանի «Ցեղակրոն եւ տարոնական շարժումները եւ Գ. Նժդեհի գործունեությունը» եւ Ավագ Հարությունյանի «Գարեգին Նժդեհի 1921 թ. Թավրիզի դատավարությունը» գրքերն ու մենագրությունները:
Օրերս «Ազգայնական ակումբը», Մեսրոպ արք. Աշճյանի հովանավորությամբ, լույս է ընծայել արժեքավոր մի աշխատությունՙ Պետանվտանգության կոմիտեի պաշտոնաթող գնդապետ Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհը եւ ՊԱԿ-ը» ռուսերեն հուշագրությունըՙ խմբագրությամբ Ավագ Հարությունյանի: Սա դասական իմաստով հուշագրություն չէ, այլ ավելին: Հեղինակն անմիջականորեն շփվել է Գ. Նժդեհի հետՙ ՊԱԿ-ի երեւանյան բանտում, Նժդեհի 1952-53 թթ. երեւանյան երկրորդ բանտարկության ժամանակ, սակայն գիրքը վերաբերում է հիմնականում 1944-1956 թթ. ՊԱԿ-ի բանտերում Նժդեհի հարցաքննություններին եւ կեցությանը: Հեղինակը շատ բարձր է գնահատում Նժդեհի անձը, մանավանդ նրա վեհանձնությունը, հայրենասիրությունը, հայրենիքի շահերին ամեն ինչ, ներառյալ իր կյանքը զոհաբերելու պատրաստակամությունը: Ընթերցողն այստեղ կհայտնաբերի հետաքրքրական մանրամասներ 50-ականների սկզբին Թուրքիա խորհրդային զորքերի ներխուժման ծրագրերի մասին: Գրքի ավելի քան 50 փաստաթղթերի գերակշիռ մասն առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ: Պատմաբանների համար հատուկ կարեւորություն ունեն վերջում բերված փաստաթղթերից մի քանիսը, որոնք վերաբերում են Ռուբեն-Վրացյան-Դրո եռյակի թուրքամետ կողմնորոշման նժդեհյան խստագույն քննադատություններին եւ ՀՅԴ-ի պատմական դերի գնահատումներին: Բազմաթիվ փաստաթղթեր առնչվում են նաեւ ՀՅԴ եւ Ցեղակրոն-տարոնական շարժումների գործիչներին, մասնավորաբար Հայկ Ասատրյանին ու Հովհաննես Դեւեջյանին:
Վաչե Հովսեփյանի «Գարեգին Նժդեհը եւ Պակ-ը» գիրքը նախատեսված է հայ ազատագրական շարժման, հայ ժողովրդի նորագույն պատմությամբ, ՀՅԴ պատմությամբ զբաղվողների եւ հետաքրքրասեր ընթերցողների համար:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ