Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառում
Այս վերնագիրն էր կրում Մայնի Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա 53-րդ միջազգային տոնավաճառը: Հոկտեմբերի 10-15-ն անցկացված այս մեծՙ 75265 քմ տարածք զբաղեցրած տպագիր օվկիանոսում ներկայացված էին 105 երկրներ (2000 թ.-ինՙ 107), հյուր երկիրը Հունաստանն էր: Իհարկե, սեպտեմբերի 11-ից հետո տիրող խուճապն իր ստվերը տարածել էր նաեւ այս միջոցառման վրա: Ինչպես տեղեկացանք կազմակերպիչներից, 50 հեղինակ (բնականաբարՙ ամերիկացի) հրաժարվել էր մասնակցել, իսկ այցելուների թիվը նվազել էր 14 տոկոսով: Ամենափնտրված գիրքն, իհարկե, «Իլիականը» չէր, ոչ էլ Հոմերոսի երկիրը տեսնելն էր առաջնահերթ նպատակ դարձել: Բեստսելլեր դարձած «Ուսամա բեն Լադենի կենսագրությունը» թռցրել-տարել էին հենց առաջին օրը, իսլամի մասին գրականությունն աննախադեպ հետաքրքրություն էր արթնացրել, իսկ ամերիկյան հրատարակիչների «2001 թ., սեպտեմբեր 11, երեքշաբթի» սեւակազմ գիրքը պարզապես հապճեպ սարքված հուշարձան էր դառնում զոհվածներին: Որքան էլ զարմանալի, Ադրբեջանն այս անգամ բաց էր թողել իր հարեւան երկրի ահաբեկչության մասին աշխարհին շքեղակազմ ու հաստափոր ծանուցելու առիթըՙ չէր ներկայացել, Վրաստանը պստլիկ իր մասնակցությունն այդուհանդերձ ուներ, Ռուսաստանը, Հունաստանը, Թուրքիան իրենց գերծանրաբեռնված տպագիր գոյությամբ 4-րդ տարին մասնակցող Հայաստանին շնչելու մի փոքր տարածքից ու մեծ պատվիրակությունից չէին զրկել: Անկեղծ ասած, դժվար էլ էր պատկերացնել, թե ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը, նրա տեղակալ Մհեր Դավոյանը, «Հայմամուլ» գործակալության տնօրեն Հայկարամ Մխիթարյանը, «Տիգրան Մեծ» հրատարակչատան տնօրեն Վրեժ Մարկոսյանը, «Գիտանքի» նախագահ Ալեքսանդր Աղաբեկյանը, «Անկյունաքարի» տնօրեն Խաչիկ Գրիգորյանը, «Հայաստանի» տնօրեն Վահագն Սարգսյանը, «Արեգի» տնօրեն Սամվել Գասպարյանը, «Ապոլոնի» փոխտնօրեն, հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը ինչպես էին այդ նեղ տաղավարում կողք-կողքի տեղավորվում: Միգուցե դրա համար առաջին չորսին տաղավարում այդ օրը չգտանք ու մեր հարցերն ուղղելու առիթը չունեցանք, թեեւ առանց նրանց էլ պարզեցինք, որ ԳԴՀ-նՙ նկատի առնելով ՀՀ պայմանները, տաղավարի տարածքն անվարձահատույց է տրամադրել եւ հոգացել մասնակիցների հյուրանոցային ծախսերը, իսկ Սորոսի հիմնադրամը ՀՀ կառավարության կարճՙ քչերին պատսպարող վերմակը հիշելով, ֆինանսապես ապահովել է հայ հրատարակիչների ներկայությունը: «Ի՞նչ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցիք, Հայաստանն այսուհետ քանի՞ նոր հրատարակչի կհետաքրքրի, օրերից մի օր տոնավաճառը կունենա՞ «Նոր ճանապարհներ դեպի Արարատի երկիր» վերնագիրը, ներկաներին տրված այս եւ ուրիշ հարցեր վատ չէր լինի պետական միջոցներով ճամփորդած պետին ու նրա տեղակալին էլ ուղղել: Բայց, անկեղծ ասած, նախկին լրագրողների հետ չկայացած հանդիպումս չէ այսքան տխուր լինելուս առիթը, մեր 30 հրատարակչությունների ցուցադրած հայատառ լավագույն, ինձ համար շատ թանկարժեք գրքերը կարոտ էին հայացքի... նրանց, նույն հայրենիքն ունեցողներից բացի, քչերն էին մոտենում: Ձեր «ինչո՞ւն» ես էլ փորձեցի իմ հայկական տաղավար մեկօրյա ճամփորդության մեջ պարզել, բայց նախՙ երկու հպանցիկ պարտադիր կանգառ «օտար» տաղավարներում:
Հոկտեմբերի 10-ին տոնավաճառի գրական սրճարանի հյուրը դարձան ավստրիացի լուսանկարիչ Անդրեաս Վոլֆենսբերգերն ու գերմանուհի հայագետ Թեսա Հոֆմանը. «Քար առ քար» գունավոր, Հայաստանին եւ Ղարաբաղին նվիրված 155 էջանոց ալբոմը լուսանկարչի 10 տարվա ճամփորդությունների արդյունքն է, ուր գտել է ոչ միայն բիբլիական մի երկիր, այլեւՙ հայուհի կնոջը: Լուսանկարներում ամեն ինչ կաՙ ծանոթ ու անծանոթ բնապատկերներ, հուշարձաններ, ծանր կենցաղՙ մուրացկաններ, սեփական տունը վաճառել ցանկացող մարդիկ: Գրքի ծավալուն տեքստերի հեղինակ Թեսա Հոֆմանը մեզ այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանն աշխարհին ներկայանալու, բացվելու, բարեկամների կարիք շատ ունի: Ուրախ կլինենք, որ այս ընձեռված առիթը նպաստի դրան»: (Ի դեպ, հայաստանյան պատվիրակությունն ափսոսանք հայտնեց, որ միջոցառմանը չի մասնակցել, պարզապես տեղեկացված չեն եղել):
Մոսկովյան «Նովոյե լիտերատուրնոյե օբոզրենիե» հրատարակչության ցուցավահանակից հափշտակել էին մեր հայրենակցուհի Ա. Նունեի առաջինՙ 2001-ին լույս ընծայված «Ստորակետից հետո» 570 էջանոց վեպը, որի առաջաբանը գրել է Անդրեյ Բիտովը: Բեռլինաբնակ հեղինակի մասին ռուսական մամուլը ջերմ տողեր արդեն տպագրել էՙ սկսնակի համարձակությամբ պայմանավորելով նրաՙ մահվան գաղտնիքների մեջ խորասուզվելու մղումը: Նունեի հետ մեր հանդիպումն «Ազգի» էջերում ուրիշ առիթի թողնելով, վերադառնանք, սակայն, հայկական տաղավար:
Մեր առաջին զրուցակիցը Ալեքսանդր Աղաբեկյանն է: 1997-ին ստեղծված «Գիտանք» հրատարակչությունը տպագրում է շուկայի տնտեսությանը վերաբերող գրականություն: Շուտով հայերեն լույս կընծայի Օքսֆորդի քաղաքագիտական բառարանը: «Այսօր Հայաստանում շատ բան է թարգմանվում, հիմնականում միջազգային կազմակերպությունների պատվերով եւ օժանդակությամբ, ասում է պրն Աղաբեկյանըՙ նկատել տալով հայ հրատարակչական խնդիրների առատությունը եւ դրանց մեջ ամենակարեւորըՙ ավելացված արժեքի հարկը: «Ֆրանկֆուրտում կոնկրետ ի՞նչ եք փնտրում» մեր հարցին ի պատասխան «Գիտանքի» նախագահն ասաց, թե «ներկայացուցչական խնդրից բացի կան ավելի կարեւոր խնդիրներ: Ֆրանկֆուրտում մեզ համար ամենակարեւորն այն է, որ մեր գրքերը թարգմանեն օտարները, Արեւմուտքի հրատարակիչը հետաքրքրվի հայ գրքով»: Կա՞ հետաքրքրություն: «Ինչքան ես եմ տեղյակ, այդպիսի օրինակ չկա: Դա մեր ամենամեծ թերությունն է, միգուցե փոքր ազգերի նկատմամբ չկա այդ հետաքրքրությունը: Բայց պիտի կարողանանք հրամցնել այնպես, որ հետաքրքրություն շարժի», ասաց նա:
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ նախորդ տարիներից այս տարվա ցուցահանդեսը չտարբերվեց: 1700-ամյակը, Հռոմի պապի Հայաստան այցն առիթ չդարձան, որպեսզի փոքրիկ Հայաստանն ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնի: «Կային ռուսներ, գերմանացիներ, որ եկան, շեշտեցին այդ հանգամանքը, բայց դա տիրապետող չդարձավ», ասում է Վահան Խաչատրյանը: Վահագն Սարգսյանի կարծիքով, «ավելի շատ հետաքրքրվում են մեր պատմիչներով, 5-18 դդ. գրականությամբ, ընդհանրապես մեծ պահանջարկ է ունենում Գրիգոր Նարեկացին: Ու ի պատիվ հայ հրատարակիչների ամեն տարի բերում ենք Նարեկացիՙ կամ նոր թարգմանություն, կամ նոր հրատարակություն: Ինչպես ռուսները միշտ Պուշկին են բերում: Հայաստանում այսօր տպագրվում է մինչեւ 2000 անուն գիրք, ընդհանուր նիհիլիզմը կարծես վերանում է, այլ բան է, որ սա բիզնես չի դառնում: Ինչո՞ւ: Հնի նկատմամբ պաշտամունքային մոտեցումը վերացել է, հնից ավելի լավ գրքեր ենք հրատարակում, բայց ժողովուրդը գնողունակ չէ, կրթական համակարգն անընդհատ փորձարկումների մեջ է», պատճառաբանում է Վահագն Սարգսյանը: Դրսի հրատարակիչներին ձեր ո՞ր գիրքը հետաքրքրեց: «Հայաստանի» տնօրենն ասաց, թե պատմությանը, եկեղեցուն վերաբերող հրատարակությունները, «հենց առաջին օրը սկսեցին հետաքրքրվել Մովսես Խորենացու նոր գիտական հրատարակությամբ»:
Սամվել Գասպարյանն ասաց, թե առաջին անգամ է մասնակցում, թեպետ իրենց գրքերն արդեն 3-րդ անգամ են ներկայացվում տոնավաճառում: «Հայաստանից շատ մեծ ակնկալիքներով էինք գալիս, բայց այստեղ տեսանք, որ մի քիչ ճիշտ չենք եկել: Երեւի պետք էր նախապես զրուցել, կապ ունենալ հրատարակիչների հետ, լավ նախապատրաստվել», դժգոհում է պրն Գասպարյանը: «Արեգի» տնօրենն ասաց, որ «շատ ռեալ է պայմանավորվածությունը Տայվանի հետ գրքի հեղինակային իրավունք վաճառելու հարցում: Խոսքը «Հայաստանի քրիստոնեական հանրագիտարանի» մասին է: Մեկ այլ պայմանավորվածության համաձայն «Արեգը» հնարավորություն է ձեռք բերել ֆրանսիական մի հրատարակչությունից գնել Նոստրադամուսի մասին գրքի հեղինակային իրավունքը: Չինացիների հետ հետաքրքիր ծրագիր կա, վրացիների հետՙ մանկական հանրագիտարանային բնույթի գրքեր Սլովակիայում համատեղ հրատարակել-տպագրելու պայմանավորվածություն: Մենք այդտեղ կշահենք որակի եւ գնի մեջ: Հայաստանի գնի հետ համեմատած շատ էժան է, նույնիսկ տեղափոխման ծախսերը հաշված: Իսկ ամենակարեւորը, շեշտեց «Արեգի» տնօրենը, սկզբունքներն իմացանք, թե ինչպես պիտի գանք. նախապես ինչ ունենք առաջարկելու, կպայմանավորվենք, եթե կոնկրետ բան չկա, չենք գա»: «Հրատարակչական գործին մեր պետությունը մեծ ուշադրություն պիտի դարձնի, հիմա քիչ ուշադրություն է դարձնում»: Նա էլ նախորդ զրուցակիցներիս նման շեշտը նույն կետին է ուղղում: «Վերին ատյաններում եթե հասկանային եւ մեր ասպարեզում մեղմացնեին հարկային քաղաքականությունը, շատ կօգներ: Եթե մտածում ենք աշխարհին ներկայանալու, աշխարհի հետ խոսելու մասին, գիրքը երեւի առաջին տեղը պիտի գրավի: ԱՊՀ երկրների համեմատությամբ ռուսները հենց էն գլխից հասկացան, թե ինչ է գիրքը, եւ բոլոր հարկերից ազատված են, դա շատ օգնեց: Վրաստանում մաքսային հարցերն են բարենպաստ»:
Անգլերեն-հայերեն բառարաններ, աստվածաբանական գրքեր հրատարակող «Անկյունաքար» հրատարակչության տնօրեն Խաչիկ Գրիգորյանն էլ առաջին անգամ է Ֆրանկֆուրտում: «Անցյալ տարի մեր գրքերը ներկայացվել էին, բայց անձամբ ներկա լինելը հնարավորություն տվեց բազմաթիվ պայմանավորվածություններ հաստատել ամերիկյան, անգլիական, գերմանական հրատարակչությունների հետ, որոնք կարող են ապագա համագործակցության լավ հիմք լինել: Բրիտանական մի հրատարակչության հետ համագործակցում ենք, եւ շուտով լույս կտեսնի անգլերեն-հայերեն համակարգչային բառարանը»: Պրն Գրիգորյանն ասաց, թե դժվարանում է առայժմ ստույգ գնահատել, թե ինչ տվեց Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառն իրեն, բայց ներկա լինելը պարզ դարձրեց գլխավորըՙ աշխարհում հրատարակիչներն ինչպե՞ս են աշխատում, ի՞նչն են կարեւորում: «Այս առումով մենք շատ հետ ենք, իրենք շատ ակտիվ են, պետք է պարզապես ջանք գործադրենք ու բաց լինենք համագործակցության համար»:
Վահան Խաչատրյանը նախ ներկայացրեց իրենց կատարած աշխատանքը: Համահայկական գրքի առաջին ցուցահանդես. մասնակցություն Լայպցիգի, 4 տարի անընդմեջՙ Ֆրանկֆուրտի տոնավաճառներին, ուր միշտ կազմակերպել է համահայկական ստենդը: «Տարեցտարի նկատելի է, թե ինչ մեծ նշանակություն ունի հրատարակչական գործի համար այս ցուցահանդեսը: ԱՊՀ երկրներում պատկերը գրեթե նույնն է, բայց 4 տարիների ընթացքում տեսել ենք, թե ով ինչ առաջընթաց է ունեցել: Հայաստանը որ տեղում եղել է, այնտեղ էլ մնացել է, բայց իր այսօրվա պոլիգրաֆիայով առաջ է անցել Անդրկովկասի եւ Միջին Ասիայի հանրապետություններից եւ գրեթե հավասարվել է մերձբալթյան հանրապետությունների մակարդակին: Մեր հանրապետությունը 2000-ի հոկտեմբերից վերջապես կարողացավ միանալ Բեռնի հեղինակային իրավունքի պահպանման միջազգային կոնվենցիային: Մեր երկրում բոլոր հեղինակների իրավունքները պաշտպանված են: Մեզ մոտ «ձախ» հրատարակություններ գրեթե չկան: Սա շատ մեծ առաջընթաց էՙ օրինակելի երկիր ենք դարձել»: «Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահը գո՞հ է այս տարվա արդյունքից, կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել», մեր հարցմանն ի պատասխան ասաց, թե «անգամ մեծ բան է, որ հնարավորություն ես ունենում ներսից հետեւելու, թե ինչ են անում աշխարհի տարբեր երկրներումՙ ինչպիսի գրքեր են հրատարակում, ինչ տպաքանակով, ինչ գներով: Այս տարի համաձայնագրեր կնքեցինք Չինաստանի, Տայվանի, Անգլիայի, Վրաստանի եւ այլ երկրների հրատարակչությունների հետ: Հիմնականում խոսվեց մանկական գրականության, նաեւ ուսումնական գրականության պահանջարկի մասին: Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքն այլ երկրներին վաճառելուն, տեղեկացնեմՙ կա մի փոխանակային պայմանագիր. «Արեգ» հրատարակչությունը պետք է թարգմանի Թայբեյի հրատարակիչներից մեկի գիրքը, իսկ նրանք էլՙ «Մանկական քրիստոնեական հանրագիտարանը» կամ «Հայաստանի հրաշալիքները» գրքերից որեւէ մեկը չինարեն: Հնարավոր է, որ Վրաստանի հետ կնքվի այսպիսի մի պայմանագիրՙ գիրքը կպատրաստվի Հայաստանում, բայց կտպագրվի Վրաստանում, վրացահայության համար: Այլ երկրների հեղինակային իրավունքը գնելու պայմանագրային խնդիր ընդհանրապես չկա: Այսօր ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունները, դեսպանություններն աշխատում են, որ իրենց երկրի մշակույթը տիրաժավորեն, տպեն մեզ հետ: Ֆրանսիայի դեսպանությունն արդեն 50 գրքի թարգմանություն է ֆինանսավորել Հայաստանում»:
«Արտերկրում գործող ՀՀ դեսպանություններն այդ իմաստով գործ անո՞ւմ են» հարցին պրն Խաչատրյանն ասաց, թե, իր կարծիքով, նրանք լուրջ գործունեություն չեն ծավալում այս ուղղությամբ, ասենք այնպես, ինչպես Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպանությունները Երեւանում: Անցյալ տարի սփյուռքահայ գրասեր շրջանակը ֆրանկֆուրտյան տոնավաճառի հայկական տաղավար այցից հետո մեզ իր դժգոհությունը հայտնեցՙ ինչպես միշտ Հայաստանն առանց սփյուռքի է ներկայացել: Ինչո՞ւ այս տարի էլ այդ բացը չի լրացվել: Միգուցե օտար հրատարակիչների կողմից օտար լեզուներով հրատարակված սփյուռքահայ մեր հայրենակիցների գրքերը կամուրջ հանդիսանան նոր կապերի, նոր գրքերի հրատարակման համարՙ մեր հարցադրմանը պատասխանելով, Վահան Խաչատրյանը նախ ասաց, թե ընդունում է քննադատությունը, հետո պարզաբանեց, թե լրատվամիջոցներով միշտ հայտարարել են, որ ստենդը համահայկական է, ուրեմն սիրով կընդգրկեն դրսի հայրենակիցներիՙ իրենց տրամադրվող հրատարակությունները, միայն թե դրանք ավելի հարմար կլինի առաքել ոչ թե Երեւան, այլ տեղի դեսպանության կամ համայնքի հասցեով:
Հուսանք, որ 365 օր հետո սպասվելիք հաջորդՙ 54-րդ հանդիպմանը 2001-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններն արդեն տպագիր գրքի հանդերձով հույս կներշնչեն, որ Հայաստանը թեեւ դանդաղ, բայց արթնանում է նիրհից:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ