«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


«ՀԱՍԿ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ» 9-ՐԴ ՀԱՏՈՐԸ

Չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի սրահում կայացավ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ հայագիտական տարեգրքի» 9-րդ հատորի շնորհանդեսըՙ հայագիտական ընտրանու եւ ուսանողների ներկայությամբ: Հանդիսավար, պատմության ֆակուլտետի դեկան Բաբկեն Հարությունյանն իր բացման խոսքում շեշտեց լիբանանահայ գաղթօջախի դերը հայապահպանության եւ հայագիտության զարգացման գործում: Դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը ներկայացրեց տարեգրքի պատմությունը: ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ Վլադիմիր Բարխուդարյանը բարձրացրեց մի հրատապ հարցՙ աշխարհի հայագիտական կենտրոնների միջեւ մշտական կապի ու համագործակցության խնդիրը, այդ աշխատանքների կենտրոն հայտարարելով Ազգային ակադեմիան: ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը քննադատեց դիլետանտիզմը պատմագրության մեջՙ պահանջելով խիստ լինել որակի հարցերում: Համակարգման հարցին անդրադարձավ նաեւ ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը դրվատեց «Հասկ հայագիտական տարեգրքի» անկաշկանդ գործունեությունը, մինչ Խորհրդային Հայաստանում հայագիտությունը որոշակի սահմանափակումների էր ենթարկվում: Տարեգրքի խմբագրակազմի անդամ, Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տեսուչ Շահեն ծ. վրդ. Սարգիսյանը մտահոգություն հայտնեց համաշխարհայնացման երեւույթի դիմաց հայկական հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանման եւ զարգացման առնչությամբ ու մանրամասն տեղեկություններ հաղորդեց տարեգրքի 9-րդ հատորի մասին, որը նվիրված է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին: ԵՊՀ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ Գարեգին Չուքասզյանը հատկապես վեր հանեց տարեգրքի հիմնադիր Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի վաստակը հայագիտության ոլորտում եւ ներկայացրեց տարեգրքի հատորներում արվեստագիտական բնույթի հոդվածների համառոտ տեսությունըՙ ներկայացվող հատորը «հոգեւոր հաց» հայտարարելով: Խմբագրության անդամ Նարեկ ծ. վրդ. Ալյեմեզյանն ընթերցեց Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքը, որտեղ շեշտը դրվում է հայ գրքի արժեքների վրա. «Գիրքը սրբազան արժեք է», հայտարարում է Վեհափառը:

Հանդիսության ավարտին ներկաներին նվիրվեց «Հասկ հայագիտական տարեգրքի» 9-րդ հատորը, որին հետեւեց ավանդական շնորհանդեսային ընդունելությունը:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4