«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2001-10-31 | #199, 2001-11-01 | #200, 2001-11-02


«ՉԱՐԵՐԸ ԵՐԳ ՉՈՒՆԵՆ»

Իր ստեղծագործական 30-ամյակը բոլորեց ժողովրդի կողմից ճանաչված ու սիրված արվեստագետ Թովմաս Պողոսյանը: Երգիչ, բանահավաք, աշուղագետ, երաժշտական գործիչ, մանկավարժ, բանասեր.

Ճշմարիտ է, որ օժտված մարդն ամեն ինչում է օժտված լինում: Վառ վկայություններից մեկը Թովմաս Պողոսյան արվեստագետի ամփոփ նկարագիրն էՙ իր բազմաճյուղ դրսեւորմամբ: Այն կերտելու խնդրում նրա կյանքի տարբեր փուլերում իրենց շնորհակալ դերն են կատարել թե՚ տոհմիկ ալաշկերտցու գերդաստանի ժառանգական սերն առ ժողովրդական երգը, թե՚ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ուսանելը, թե՚ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում ստացած բանասիրական գիտելիքները, թե Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսոր, երգիչ եւ կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի դասարանում ստացած մասնագիտական կրթությունը: Նաեւՙ անզուգական ժողովրդական երգիչ Վաղարշակ Սահակյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլում ստացած մկրտությունը, Վանաձորի «Հորովել» եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլների առաջատար երգիչ լինելը: Թվարկածը սոսկ կենսագրական փաստեր չեն: Յուրաքանչյուրի հետեւում նվիրյալ արվեստագետի անխոնջ գործունեություն է, որի նշանակալից ձեռքբերումների շարքում են Թովմաս Պողոսյանի հիմնադրած «Սայաթ-Նովա» աշուղական մշակութային միությունը, Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի համույթը, Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոցը, Ջիվանու անտիպ 150 տաղերի հրատարակումը.

Թովմաս Պողոսյանի ստեղծագործական 30-ամյակը հանդիսությամբ նշվեց «Արամ Խաչատրյան» սրահում, որի բեմից հնչած սրտաբուխ շնորհավորանքները նրա գործի բարձր գնահատանքի արգասիքն էին:

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանիՙ երեկոյի բացման խոսքը տեղի տվեց Արցախի մշակույթի նախարար Արմեն Սարգսյանի ելույթին, որը մասնավորապես կարեւորեց 1987-ին Թովմաս Պողոսյանի «Գանձասար» ժողովրդական երգի եւ պարի անսամբլը ղեկավարելու փաստը, ինչի արդյունքում վերջինիս կատարողացանկը հարստացավ պատմական Հայաստանի ազգագրական տարբեր գոտիների եւ հատկապես արցախյան երաժշտական բանահյուսության նմուշներով:

Երեկոն, որը վարում էին Սարգիս Նաջարյանը եւ Կարինե Սարգսյանը մի ամբողջական ասմունքահամերգային գեղեցիկ հանդիսություն էր, որի ընթացքում արվեստագետին ուղղված գնահատանքի խոսքերն ուղեկցվեցին երաժշտական ողջույն-ելույթներով: Արդ, պատեհ ենք համարում ներկայացնել ընթերցողին դրվագներ նրան առավելագույնս բնորոշ ուղերձներից: «Թովմաս Պողոսյանը լրջմիտ եւ խոհուն մասնագետ է, որն իր բարձր պրոֆեսիոնալիզմով 30 տարի լրացնում է ազգային երաժշտության պատմության էջերը: Նրա եռանդուն աշխատանքը նպաստավոր է նաեւ արդիական ժողովրդական երաժշտության եւ հատկապես աշուղական երգարվեստի գոհարները տարածելու եւ լուսաբանելու ասպարեզում», Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ: «Թովմաս Պողոսյանի անունը վաղուց հայտնի եւ սիրելի է ոչ միայն հայ ունկնդրին, այլ նաեւ սփյուռքահայ գաղթօջախների եւ արտերկրի այլազգի հանդիսականին: Իր բարձր արվեստի, ազնիվ ճաշակի, ազգային կատարողական ոճի շնորհիվ նա հազարավոր ունկնդիրներին հաղորդակից է դարձրել հայ երգարվեստի լավագույն շերտերին», Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Լինելով անխառն արվեստագետ, ազնիվ եւ շնորհյալ մարդ, Թովմաս Պողոսյանը միշտ գիտակցել է արվեստի, մանավանդ երգ-երաժշտության բացառիկ դերը մեր ազգային ինքնության ու ինքնատիպության, մեր մշակութային արժեքները պահպանելու, սերունդ պահելու գործում: Նա այն նվիրյալներից է, ովքեր չեն ընկճվում մեզ դեպի ապագա տանող դժվարին ճանապարհի կեռմաններից», Ազգային գրադարան: «Եթե գուսանական արվեստը մեր մշակույթի անխառն մարգարիտն է, ապա Թովմաս Պողոսյանն այն մարգարտախույզներից է, ով խեցին որոնելիս, սուզվում է ծովի հատակը եւ շունչը պահած ու զմայլված օրե՜ր, տարինե՜ր փնտրում է այդ մարգարիտը: Հետո մարգարտահատը դառնում է բոլորիս սեփականությունը», Հայաստանի գրողների միություն: «Այսօր հայ աշուղական կատարողական արվեստի պահապանը «Սայաթ-Նովա» աշուղական դպրոցի հիմնադիր, աշուղական երգերի անզուգական կատարող Թովմաս Պողոսյանն է: Նրա աշուղական դպրոցը լոկ երգի եւ երաժշտության խումբ չէ, այլ ցավող հոգու հավատքի երգ էՙ սեփական ժողովրդի կարողությունների, աստվածային խորհրդի, առաքելական պարտքի ու պատգամի մասին», Հայաստանի պարարվեստի միություն:

Թովմաս Պողոսյանինՙ հայ աշուղական արվեստի լավագույն ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու գործում բերած անուրանալի վաստակի գնահատանքի խոսքեր հղեցին Սիլվա Կապուտիկյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, ստեղծագործական կոլեկտիվներ, գիտական հաստատություններ, միություններ, այդ թվումՙ «Բերդ» պարի համույթը, Հայաստանի հանրային ռադիոն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, «Թումանյան» հայրենակցական միությունը. Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ընծայեց Թովմաս Պողոսյանին նրա մանրաքանդակը:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4