«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է

Արտգործնախարար Վ. Օսկանյանը ակնարկեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության փոխլրացվածության սկզբունքն արդարացված է

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Այսօր ՀՀ արտգործնախարարությունում կբացվի մեր երկրի դիվանագիտական պատմությունն արձանագրող լուսանկարների ցուցահանդես, ապա տեղի կունենան պաշտոնական ճաշկերույթ եւ համերգ, որոնք նվիրված են արտգործնախարարության հիմնադրման տասնամյակին. հրավիրված են ներկա եւ նախկին բոլոր արտգործնախարարները, դեսպանները, հյուպատոսները: Իսկ երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ դեսպանների եւ հյուպատոսների արդեն ամենամյաՙ երկրորդ հանդիպումը: Քննարկումների առանցքային թեմաներից մեկը, ըստ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, եղել են սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում իրականացված ահաբեկչություններից հետո տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները: Դեսպանների եւ հյուպատոսների տեղեկատվությունը թույլ կտա առավել ճիշտ կողմնորոշվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններում:

«Հայաստանի վարկն արտաքին աշխարհում բարձր է, Հայաստանը դիտվում է հուսալի գործընկեր ե՚ւ Ռուսաստանի, ե՚ւ ԱՄՆ-ի, ե՚ւ Եվրամիության, ե՚ւ Չինաստանի համար», հայտարարեց արտգործնախարար Օսկանյանը, ակնարկելով, որ ՀՀ արտաքին քաղաքականության փոխլրացվածության սկզբունքն արդարացված է:

Պրն Օսկանյանը լրագրողներին ասաց, որ Վրաստանի ներքաղաքական կայունությունը Հայաստանի համար գրեթե այնքան կարեւոր է, որքան մեր հանրապետության ներքին կայունությունը: Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը Վրաստանի ներքաղաքական կայունությունը Հայաստանի համար կարեւորեց երկու առումներովՙ վիրահայություն եւ ճանապարհներ: Վրաստանում այսօր բնակվում են շուրջ 400 հազար հայեր, իսկ դեպի հյուսիսՙ Ռուսաստան եւ Եվրոպա տանող ճանապարհներն անցնում են Վրաստանով: Պրն Խոսրոեւը Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունը բնորոշեց մեկ բառովՙ լարված:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հնարավոր է ակնկալել լուրջ առաջընթաց, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողանա Ադրբեջանին վերադարձնել կարգավորման «փարիզյան սկզբունքներին»: «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են, կարգավորման խաղաղ գործընթացն իրեն չի սպառել: ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկելու Ադրբեջանի հայտարարությունները լուրջ չեն, միջազգային հանրությունը դա լուրջ չի ընկալում: Բարեբախտաբար, ԼՂ-ի մասին Մինսկի խմբի, ԵԱՀԿ երկրները լավ են տեղեկացված ԼՂ խնդրի էությանը: Մենք մտահոգված չենք, թե միջազգային հանրությունն այլ կերպ կընկալի ԼՂ խնդրի էությունը: Մտահոգությունն այն է, որ հակաահաբեկչական գործողությունների մասին Ադրբեջանում կարող են այնքան խոսել, որ ադրբեջանցիները սկսեն հավատալ դրան, ինչը բերի նրանց անկանխատեսելի գործողությունների», ասաց Վ. Օսկանյանը: Ըստ ՀՀ արտգործնախարարի, Ազատության աջակցության 907 ուղղումը ոչ թե վերացվել, այլ ենթարկվել է որոշ փոփոխությունների, ընդ որումՙ «սահմանափակ ժամկետով», եւ չի կարող բացասական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4