«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ 5 ԱՆԴԱՄՆԵՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Հինգ անձինք, ովքեր մեղադրվում են կազմակերպված հանցագործության հայկական մի խմբի անդամ լինելու մեջ, հոկտեմբերի 16-ին ձերբակալվեցին Լոս Անջելեսի ոստիկանության կողմից, տեղեկացնում է «Լոս Անջելես թայմս» օրաթերթը: Նրանք մեղադրվում են իրենց հայրենակից, գործարար Արմեն Կարախանյանին առեւանգելու եւ Մոսկվայում իրենց կապերն օգտագործելով նրանից գումար կորզելու համար:

Խոսելով ձերբակալված խմբի կիրառած մեթոդի մասին, Լոս Անջելեսի շրջանում FBI-ի պատասխանատու Ռոլանդ Իդենն ասաց, որ թերեւս դա ստանդարտ գործունեություն է հայկական հանցախմբի համար իրենց նախկին բնակավայր երկրում, սակայն Մ. Նահանգներում անընդունելի է:

Դատախազության հայթայթած տեղեկությունների համաձայն, Արմեն Կարախանյանը Մ. Նահանգներ է ժամանել անցյալ տարի եւ անմիջապես քաղաքական ապաստան խնդրել: Ներգաղթի պաշտոնյաներին նա ասել է, որ ինքը Հայաստանում բանտարկված է եղել իշխանությունների դեմ խոսելու համար: Լոս Անջելեսում հաստատվելուց անմիջապես հետո նրա հետ կապ են հաստատել տեղի հանցագործ ցանցի անդամներ եւ հասկացրել, որ այժմ ինքն ապրում է «Փոքրիկ Հայաստանում», որտեղ դիմագրավելու է այն նույն դժվարությունները, որ ունեցել է իր երկրում, եթե չօգնի իրենց «դրամահավաքի» գործում:

Կարախանյանից պահանջում են իսպանական բանկերից մեկում իրացնել մեծ գումարի կեղծ չեկը: Չհամաձայնելով, Կարախանյանը փախչում, թաքնվում է Հյուսիսային Կարոլինայում: Ցանցի անդամները կարծում են, թե նա փախել է Մոսկվա, որտեղ այդ ժամանակ ապրում էր նրա կինըՙ Էլմիրան:

Դատախազության ասելով, կասկածյալները Ռուսաստանում իրենց գործընկերներին հանձնարարում են առեւանգել Կարախանյանին եւ եթե չվերադառնա Մ. Նահանգներ ու չհամագործակցի իրենց հետ, սպառնալ մահվամբ: Մի քանի օր հետո մի քանի անծանոթներ ներխուժում են Մոսկվայում Կարախանյանի բնակարանը եւ առեւանգում մեկին, կարծելով, թե նա Կարախանյանն է: Սխալվել էին: Առեւանգվածը վերջինիս զարմիկն էր: Ցանցի անդամներն այնուհետեւ բազմիցս զանգահարում են Էլմիրային եւ սպառնում զարմիկին սպանել, եթե իրենց պահանջը չկատարվի:

Հենց այդ ժամանակ է, որ Կարախանյանը որոշում է կապ հաստատել FBI-ի հետ: Վերջինիս պաշտպանության ներքո նա վերադառնում է Լոս Անջելես եւ կապը վերահաստատում կասկածյալների հետ: Վերջիններս նրան «բացատրում են», որ պրծում չկա իրենցից, թե իրենք գիտեն որտեղ գտնել նրա հարազատներին:

Վեճերից մեկի ընթացքում կասկածյալներից մեկը մի քանի հարված է հասցնում Կարախանյանի դեմքին եւ սպառնում գլխին կրակել, քանի որ հետ էր ընկել վճարումների ժամանակացույցից:

Հակառակ սպառնալիքներին, Կարախանյանը շարունակում է հանդիպել կասկածյալների հետ մինչեւ հոկտեմբերի սկիզբը, երբ դատախազությունը գործը ներկայացնում է դաշնային դատարան: Ձերբակալվում են Աշոտ Մանուկյանըՙ 47 տարեկան, Հովհաննես Իգարյանըՙ 38, երկուսն էլ Լոս Անջելեսից, Սուսաննա Ունուզյանըՙ 38, վերջինիս ամուսին Պողոս Քեչեջյանըՙ 38, երկուսն էլ Վեն Նայսից, եւ Հովսեփ Քեշիշյանըՙ Գլենդեյլից, 35 տարեկան: Հինգն էլ ամբաստանվում են Կարախանյանից դավադրաբար դրամ կորզելու մեջ: Մանուկյանը եւ Իգարյանը մեղադրվում են նաեւ առեւանգում կազմակերպելու եւ դրանից նյութական շահ կորզելու համար: Եթե մեղադրանքը հաստատվի, նրանցից յուրաքանչյուրին սպասում է 20 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն:

FBI-ի խոսնակը հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում հայտնաբերելու այն անձանց, ովքեր առեւանգել են Մոսկվայում Կարախանյանի զարմիկին:

Մեզ թվում է, որ գործ ունի անելու նաեւ մեր դատախազությունը Հայաստանում: Առաջին հերթին պարզելու, թե վերոհիշյալ անձինք հանցավոր ինչ կապեր ունեն այստեղ, երկրորդՙ ստուգելու, թե Հայաստանում եղած ժամանակ Արմեն Կարախանյանը բանտարկվե՞լ է քաղաքական հայացքների համար, ինչպես ինքն է պնդել քաղաքական ապաստան խնդրելիս:

ԹՂԹԱԿԻՑ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4