Մայր Աթոռ. Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 1 նոյեմբեր: Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Սբ. Էջմիածին կժամանի Կոստանդնուպոլսի տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը: Պատրիարքի եռօրյա այցը Հայաստան նվիրվում է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Այցի առաջին օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում բարիգալստյան արարողությունից հետո Տիեզերական պատրիարքը հանդիպում կունենա Ամենայն հայոց հայրապետի եւ Հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասի ու թեմակալ առաջնորդների հետ:
Նոյեմբերի 4-ին Ամենայն հայոց հայրապետի եւ տիեզերական պատրիարքի մասնակցությամբ Մայրավանքում կմատուցվի Սբ. պատարագ, իսկ երեկոյան ժամը 18:00-ին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա էկումենիկ արարողություն: Արարողության ավարտին տեղի կունենա հոգեւոր երաժշտության համերգ, որից հետո Բարդուղիմեոս Առաջինը իր մաղթանքը կհղի 1700-ամյակի առիթով:
Նոյեմբերի 5-ին տիեզերական պատրիարքը հանդիպում կունենա Երեւանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: ՀՀ Ազգային ակադեմիայում Բարդուղիմեոս Առաջինը հանդես կգա բանախոսությամբՙ «Արեւելյան եւ Հին Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ երկխոսության արդիականությունը եւ հեռանկարները» թեմայի շրջանակներում:
Նույն օրը տիեզերական պատրիարքը հանդիպումներ կունենա հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ:
Պատրիարքի եռօրյա այցը կեզրափակվի ուխտագնացությամբ հայոց առաջին կաթողիկոսի չարչարանաց վայրըՙ Խոր Վիրապ:
Սա Բարդուղիմեոս Ա պատրիարքի երկրորդ այցն է Մայր Աթոռ: Առաջին այցելությունը տեղի է ունեցել 1997թվականին:
Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն
Կ. Պոլսի պատրիարքությունը հիմնվել է 330 թվականին եւ կոչվում է «տիեզերական»ՙ սկսած 451 թվականից, երբ Քաղկեդոնի ժողովի որոշմամբ նրա սահմանները եւ հեղինակությունը տարածվեց այն թեմերի եպիսկոպոսների նկատմամբ, «որոնք գտնվում են բարբարոսների մեջ»: Մինչեւ 1453 թ. Կ. Պոլսի անկումը, Կ. Պոլսի պատրիարքը գլխավորում էր Արեւելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրության եկեղեցին, իսկ Կ. Պոլսի Սբ. Սոֆիա տաճարը Արեւելյան քրիստոնեական (քաղկեդոնական) աշխարհի կրոնական կյանքի կենտրոնն էր:
Ներկայումս Կ. Պոլսի պատրիարքության ենթակայության տակ են Թուրքիայի, Արեւմտյան Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Ավստրալիայի շուրջ 3,5 միլիոնանոց օրթոդոքս համայնքները, ինչպես նաեւ Հունաստանի որոշ հատվածներՙ Աթոս լեռան վանական հանրապետությունը, Կրետեի կիսաինքնավար եկեղեցին:
Բարդուղիմեոս Առաջինը (ծնվ. 1940 թ.) պատրիարքության գահակալ է ընտրվել 1991 թվականին: