«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՆ

Կառավարության եւ «Արմենտելի» չլուծվող վեճի առնչությամբ

Մի քանի օր առաջ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը 60-օրյա բանակցությունների հրավիրեց «Արմենտելին» եւ OTE-ին: Առայժմ վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել հայտարարությանը: «Արմենտելի» այս պահի դիրքորոշումը, որը երեկ մեզ հաջողվեց ստանալ ընկերության լրատվական ծառայությունից այն էր, որ «Արմենտելն» առայժմ հստակ վերաբերմունք չունի այդ հայտարարության կապակցությամբ: Առաջարկին արձագանքելու իրավունքը վերապահված է միայն «Արմենտելի» բաժնետերերին, այլ ոչ թե գործադիր տնօրենին: Իսկ բաժնետերերի, այսինքնՙ OTE-ի վերաբերմունքն առայժմ անհայտ է: Այդուհանդերձ, միանշանակ է, որ չնայած ներկա անորոշությանը, OTE-ի պատասխանը կլինի մոտ օրերս: Եվ ամենայն հավանականությամբ, այդ պատասխանը կլինի դրական: Ինչո՞ւ: Ծագած վեճերի եւ խնդիրների լուծումը, ըստ «Արմենտելին» տրված թ. 60 լիցենզիայի, պետք է լուծվեն բարյացակամության ոգով, խորհրդակցությունների ճանապարհով: Անգամ եթե բանակցություններն ավարտվեն անարդյունք, «Արմենտելը» չի ցանկանա խոցելի դարձնել իր դիրքերը: Նույն մոտեցմամբ է պայմանավորված Հայաստանի կառավարության բանակցությունների առաջարկը: Կառավարությունը թերեւս որեւէ արդյունք արձանագրելու հույսեր չի փայփայում, սակայն այս քայլով ցանկանում է առավելագույնս օրենքի տառը պահպանած եւ «մաքուր» լինել միջազգային արբիտրաժում բախվելուց առաջ:

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ կողմերը համառորեն չեն ցանկանում գնալ միմյանց ընդառաջ եւ գտնել փոխընդունելի լուծումներ: Այս հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ բազմիցս հիշատակված թիվ 60 լիցենզիային: Այն նույն լիցենզիային, որն այդքան հոլովվում են բոլորը, եւ որի բովանդակությունն այդպես էլ հասու չի դառնում հասարակությանը: Այսպիսով, ի՞նչ է նախատեսված լիցենզիայով, եթե վեճերը չեն լուծվում բարյացակամության եւ խորհրդակցությունների միջոցով: Լիցենզիայի 10-րդ հոդվածի գ եւ դ կետերը պարզաբանում են, թե ինչպե՞ս եւ ո՞ր դեպքերում է հնարավոր այն փոփոխել, ընդհատել եւ դադարեցնել:

ՀՀ կապի նախարարության տված հրահանգների պարբերաբար չկատարման, լիցենզիայի պայմանների եւ դրույթների կանխամտածված պարբերաբար չկատարման եւ խախտման դեպքում, արդեն ըստ հաջորդ կետի, ՀՀ կապի նախարարությունը պատշաճ ուսումնասիրություն անցկացնելուց, լիցենզավորողին գրավոր ծանուցում տալուց եւ վերջինիս իր տեսակետները բաց ժողովում ներկայացնելու հնարավորություն ընձեռելուց հետո եւ միայն ՀՀ կառավարության որոշմամբ լիցենզիան կարող է փոփոխվել, ընդհատվել կամ դադարեցվել: Սակայն եթե «Արմենտելը» բողոքարկի Հայաստանի կառավարության որոշումը, այդ դեպքում գործում է ե կետըՙ փոխհատուցում անարդարացի փոփոխման, ընդհատման, դադարեցման դեպքում: Այսինքնՙ այս դեպքում ՀՀ կառավարությունը պետք է փոխհատուցի լիցենզավորողին այն բոլոր վնասների համար, որոնք վերջինս կկրի դրա հետեւանքով:

Ի՞նչ է ստացվում: Ըստ թիվ 60 լիցենզիայի, Հայաստանի կառավարությունը իրավունք ունի «Արմենտելին» զրկելու լիցենզիայից: Սակայն «Արմենտելն» էլ, այդ դեպքում, դարձյալ ըստ լիցենզիայի, փոխհատուցում ստանալու իրավունք ունի: Թերեւս սա է պատճառը, որ կողմերը դեռեւս չեն ցանկանում գնալ փոխզիջումների, եւ յուրաքանչյուրն ակնկալում է ստանալ լիցենզիայով իրեն հասանելիքը: Այս առումով ե՚ւ ՀՀ արդարադատության նախարարության առաջարկը, ե՚ւ «Արմենտելի» ու OTE-ի հնարավոր դրական պատասխանը հարկ է դիտարկել որպես մանեւրում եւ դիրքերի ամրացում վճռական գործողություններից առաջ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4