Հայ լրագրողները վերադարձան Բաքվից
Երեկ Երեւանի մամուլի ակումբի անդամ Աշոտ Մելիքյանը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրին Բաքվի մամուլի ակումբի հետ եռակողմ հերթական հանդիպման արդյունքները: Ադրբեջանի մայրաքաղաքում մամուլի երեք ակումբներն ամփոփել են դեռեւս գարնանը նախաձեռնած սոցիոլոգիական հարցումները:
Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի բնակչության, փորձագետների շրջանում անցկացված հարցումների նպատակն է եղել պարզել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ու ռազմական ճանապարհների կողմնակիցների գերակշռությունը եւ հավելյալ այլ խնդիրներ: Ադրբեջանում ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու կողմնակիցները գերակշռում են: Բայց, այնուամենայնիվ, ըստ Բաքվից երեկ վերադարձած հայ լրագրողների տպավորությունների, Ադրբեջանի ռազմատենչ տրամադրություններիՙ մեզ հասնող արձագանքները չափազանցված են: Աշոտ Մելիքյանի հավաստմամբ, առավել արմատական դիրքորոշում ունեն իշխանություններն ու քաղաքական շրջանակները, իսկ բնակչության վերաբերմունքը հակամարտության կարգավորմանը համեմատաբար հավասարակշիռ է: «Ո՞վ է հակամարտության հիմնական մեղավորը» հարցին ի պատասխան Ադրբեջանում նախ մատնանշել են Հայաստանը, արտաքին ուժերը եւ հետո միայն Լեռնային Ղարաբաղը:
Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ Բաքվում Ղարաբաղի պատվիրակության հետ ադրբեջանցիները, անգամ հանդիպմանը մասնակցող լրագրողներն իսպառ չէին շփվում: Այն դեպքում, երբ հայաստանյան մասնակիցների հետ բազմաքանակ հարցազրույցներ են եղել: Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը շեշտեց, թե հասարակական այս եռակողմ նախաձեռնությունը պիտի օրինակ ծառայի պետական մակարդակով շփումների համար, եւ բանակցություններին մասնակցի նաեւ ղարաբաղյան կողմը:
Լրագրողների խնդրանքինՙ ամփոփել իրենց տպավորությունները, Բաքվից հանդիպման մասնակիցները պատասխանեցին, թե իրենք առավել հանդուրժողականություն էին սպասում, գեթ քննարկումներին մասնակցող լրագրողներից, քան տեսան:
Լ. Գ.