«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2001-11-01 | #200, 2001-11-02 | #201, 2001-11-03


«ՀԱՅ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԵՂԱՆ ԲԱՔՎՈՒՄ»

Բաքվի մերձակայքում գտնվող «Գյանջիկ» հանգստյան տանը օրերս անց է կացվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներում ղարաբաղյան հակամարտության լուսաբանմանը նվիրված սեմինար: Բաց հասարակության ինստիտուտի (Սորոսի հիմնադրամ) աջակցությամբ կազմակերպված սեմինարին, որին մասնակցել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, ընդարձակ հոդվածով անդրադարձել է Բաքվի ռուսատառ «Զերկալոն»: Հոդվածը «Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում հատվածաբար:

Այս օրերին «բարեկամական» այցով Բաքու էին ժամանել հայ լրագրողներ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գլխավորությամբ: Բայց եկեք պարզենք, թե այս անգամ ովքեր էին հյուրընկալվել Բաքվում. Աշոտ Մելիքյան, Հրայր Ավետիսյան, Հայկանուշ Գրիգորյան, Գեղամ Բաղդասարյան, Կարինե Օհանյան, Աշոտ Բեգլարյան, Բենիամին Ղարախանյան, Էլինա Պողոսբեկյան, Լեւոն Բարսեղյան:

«Օլայլար» գործակալությունն անց է կացրել սեփական հետաքննություն եւ պարզել, որ հայ լրագրողներից երեքը տարբեր հայկական ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են: Աշոտ Մելիքյանը 1999 թ. «Ցեղակրոն» կազմակերպության անդամներից է, Հրայր Ավետիսյանըՙ նույն ահաբեկչական կազմակերպության անդամը, հետախուզական տեղեկատվություն հավաքելու մասնագետ է, իսկ նրա հարազատ հորեղբայրըՙ Շիրակ Ավետիսյանը, աշխատում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայությունում: Բենիամին Ղարախանյանը ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանի օգնականն է եւ համակարգում է Ադրբեջանի էներգակիրների եւ նավթարդյունաբերության մասին տեղեկատվության հավաքման հարցերը: Ինքըՙ Ղարախանյանը, «Վայք» արմատական կազմակերպության անդամ է, հեղինակն այն հակաադրբեջանական տեսանյութերի, որոնք պարբերաբար ցուցադրվում են «Արցախ» հեռուստատեսությամբ: Ղարախանյանի հարազատ հորեղբայրըՙ Բաղդասարը, Հայ դատ ահաբեկչական կազմակերպության Ղարաբաղի գրասենյակի ղեկավարն է:

Այս լրագրողները եթե կապ ունեն լրագրության հետ, ապաՙ անուղղակի: Ժամանակն է վերջ տալու հայ լրագրողների Բաքու, ադրբեջանցի լրագրողների Հայաստան, առավել եւսՙ Լեռնային Ղարաբաղ այցելություններին:

Եթե մեզ համար դժվար է տեսնել, թե ինչպես Բաքվումՙ հատուկ ծառայությունների հուսալի պահպանության պայմաններում հայերը զբոսնում են եւ խիզախորեն հայտարարում, թե «մենք անկախ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ ենք», ապա հայերի համար հաճելի է ադրբեջանցի լրագրողների էքսկուրսիաներ կազմակերպել զավթած տարածքներում:

Այն ամենը, ինչ պետք է մեր հաղթանակի համար, մենք ունենք: Մնում է միայն լսել գլխավոր հրամանատարի կարգադրությունը, եւ այդ դեպքում մեզ պետք չէ հայ զավթիչների հրավերըՙ այցելելու ադրբեջանական սրբազան Շուշի:

Հ. Գ. Անշուշտ, ինչպես ճիշտ են նկատել «Հայ ահաբեկիչները եղան Բաքվում» հրապարակման հեղինակները, հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելություները Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ այնքան հաճախակի են դարձել, որ դրանով ոչ ոքի չես զարմացնի: Մեզ չեն զարմացնում նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների ծայրաստիճան հակահայկական հրապարակումները: Անձամբ հունիս ամսին գտնվելով Բաքվում, հասկացա, որ ադրբեջանական մամուլի հակահայկական տրամադրություններն անմիջականորեն հրահրվում են պետական մակարդակով, իսկ «գլխավոր հրամանատարը»ՙ ծերուկ Հեյդար Ալիեւը, հակահայկական տրամադրությունների գլխավոր հրահրողն է: Ադրբեջանի իշխանությունների վերջին տարիների հիմնական ձեռքբերումը երկրում թշնամի հայի կերպարի ձեւավորումն է: Իրոք, ժամանակն է վերջ տալու հայ լրագրողների Բաքու այցելություններին: Ադրբեջանի մայրաքաղաքում վերջերս Կարեն Օհանջանյանի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպը պետք է առաջին տագնապը լինի. ադրբեջանցիները կարող են մի օր Բաքվում հայ լրագրողի սպանել: Հայի սպանելը, ինչպես ցույց տվեցին ոչ վաղ անցյալում Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի հայաբնակ այլ վայրերում իրականացված կոտորածները, ադրբեջանցիների հոբբին է: Ժամանակն է նաեւ վերջ տալու ադրբեջանցի լրագրողների «ադրբեջանական սրբազան Շուշի» այցելություններ կազմակերպելու սովորությանը:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4