Եվ իշխանություններին հաճոյանալու ելքեր է փնտրում
«Գեղամյա՚ն, քեզ հետ ենք, Ս. Կարապետը վկա», «Գեղամյան, փրկի՚ր մեզ», «Զեյթունն էլի կռիվ կտա, այս անգամ քեզ համար, Գեղամյա՚ն» եւ այլ բազում կարգախոսներով պլակատները հոկտեմբերի 26-ին արմատական եռյակի հրավիրած հանրահավաքում այնքան շատ էին, որ կարելի էր կարծել, թե հանրահավաքը հենց միայն Գեղամյանի համար էր կազմակերպված: Դա խոսում է բացառապես այն մասին, որ Ազգային միասնությունը, մասնավորապես Արտաշես Գեղամյանը հանրահավաքին առանձնահատուկ ձեւով էր պատրաստվելՙ ցույց տալումասսաների կողմից իր քաղաքական հայացքների ընդունված լինելու հանգամանքը եւ իշխանությունների ու ընդդիմադիրների աչքի առաջ ներկայացնելու սեփական պոտենցիալը:
Ո՞րն էր, սակայն, դրա իմաստը եւ ինչ հեռահար նպատակ էր հետապնդվում: Արտաշես Գեղամյանը, որը երբեք առիթ չի ունեցել իր ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրը գովազդելու եւ դրա միջոցով ընտրապայքարը լրջորեն նախապատրաստելու համար հարմար իրավիճակներ գտնելու, չէր կարող իշխանություն-արմատականներ առճակատումը որպես այդպիսին չնկատել: Դա նաեւ հարմար առիթ էր իր ծառայություններն այս կամ մյուս կողմից գործադրելու հավաստիացումներով որեւէ կողմից պետական պաշտոնի (առնվազն վարչապետի) երաշխիք ստանալ: Սակայն ի սկզբանե մերժվելով իշխանություններից, Գեղամյանը հուսալքված հայացքը հառեց ընդդիմությանը, որը պարզապես չէր կարող չհասկանալ ԱՄ ղեկավարի հավակնությունները: Այսուհանդերձ, Գեղամյանն ընդգրկվեց արմատական հակաիշխանական կոալիցիայի մեջ միայն մեկ պատճառով. նա քիչ ժողովրդականություն չի վայելում, որոշակի ընտրազանգված ունի, որը կարելի է օգտագործել գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Այսինքնՙ Գեղամյանի հանդեպ մոտավորապես այսպիսի դիրքորոշում որդեգրվեց. օգտագործել նրա հեղինակությունը, սակայն թույլ չտալ հավակնելու ավելիին, քան իրենքՙ արմատականները, նախատեսում են իրենց համար: Որպես նշվածի հավաստիացումՙ արմատականները վերապահումներով են մոտենում Գեղամյանի առաջ քաշած հակաճգնաժամային ծրագրին եւ հայտարարում են, որ իրենք առաջնորդվելու են ինչ-որ անորոշ «Միասնություն» դաշինքի ծրագրերով: Ի դեպ, նման մոտեցման ինքըՙ Արտաշես Գեղամյանը, համաձայն չէ եւ բազմիցսՙ նախքան գրեթե դաշինքային համագործակցության մեջ մտնելը, հայտարարում էր, թե «Միասնությունը» որպես այդպիսին ծրագիր չունի եւ առաջնորդվում է միայն իր երկու լիդերներիՙ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի համոզմունքներով: Արմատականները շատ լավ գիտակցում էին Գեղամյանի տարբերվող այս մոտեցումների վտանգավորությունը եւ նրան քիչ էին վստահումՙ հետագա համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարում:
Ողջ խնդիրը, սակայն, այն էր, թե հասկանալով իրենց միջեւ եղած լուռ վերապահումներըՙ Գեղամյանին, այնուամենայնիվ, ձեռ տալի՞ս է նման պայմաններով գործելը, թե՞ նա այս անգամ էլ հուսախաբ կանի: Ինչպես պարզվեց, նման գաղափարական հակասությունները Գեղամյանին շատ ավելի քիչ էին հուզում, քան պաշտոնների հասնելու ձգտումները:
Այս տրամաբանությամբ էր պայմանավորված, որ նա փորձեց վերականգնել դեպի իշխանություն հետդարձի իր այրած կամուրջը, որը հնարավորություն կտար ցանկացած պահի ընդդիմությունից վերադառնալ իշխանություն, եթե հարմար առիթ ստեղծվեր: Ո՞րն էր Գեղամյանի շախմատային այդ քայլը:
Օրերս մամուլում Արտաշես Գեղամյանը, կարելի է ասել, ձախողված համարեց իշխանափոխության հասնելու ընդդիմության որդեգրած միտինգային քաղաքականությունը, ասելով, թե արվածից հետո անհրաժեշտ է օգտագործել այլեւս հակաքոչարյանականորեն տրամադրված ժողովրդի պոտենցիալը, եւ ակնարկել էր, որ ընդդիմության կազմակերպելիք հետագա հանրահավաքներին ինքը չի մասնակցելու: Սակայն Գեղամյանը մոռացել էր պարզաբանել, որ եթե ինքը չի ընդունում իր «գաղափարակիցների» որդեգրած այդ քաղաքականությունը, ապա սահմանադրության շրջանակներում կոնկրետ ինչպե՞ս, ի՞նչ այլընտրանքային արդյունավետ միջոցներ է առաջարկում Քոչարյանին գահընկեց անելու համար:
Եթե հաշվի առնենք, որ արմատականներին, ըստ սահմանադրության, հնարավորություն է տրված միայն խորհրդարանի միջոցով նախագահին անվստահություն հայտնել, ինչը եւ փորձում են նրանք իրագործել, ապա կարելի է ենթադրել, որ կամ Գեղամյանը գլխավոր օրենքը շրջանցելու կոչ է անում, ինչը բացառել է, որովհետեւ հաստատում է պատգամավորական սկսված ստորագրահավաքին մասնակցելու իրենց պատրաստակամությունը, կամ. ոչինչ էլ չի առաջարկում: Այս հայտարարությունն իրականում հիանալի քայլ է իշխանությունների հետ վերստին որոշ աղերսներ ստեղծելու առումով, որը Գեղամյանը կտրատել էր արմատականներին միանալով: Մի կողմիցՙ հիասթափվելով իր ծրագիրը որպես առաջնահերթ ընդունելու արմատականների մերժողական կեցվածքից, մյուս կողմիցՙ նրանցից չստանալով իշխանափոխության իրականացումից հետո պատասխանատու ղեկավար պաշտոն ստանձնելու որեւէ երաշխիք, Գեղամյանը հայացքը դարձյալ շրջում է դեպի իշխանությունՙ կատարելով դրա առաջին քայլը: Հանրահավաքներին այլեւս չմասնակցելու իր դիրքորոշումը ԱՄ ղեկավարը բացատրում է հիրավի ֆանտաստիկ մի «տեսության» առաջադրմամբ: Ըստ նրա, հանրահավաքներն առաջին հերթին ձեռնտու են իշխանություններին, որոնք կարող են դրանց անցկացման ժամանակ սադրանքների գնալ եւ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու «դրսից արդեն պատրաստված» սցենարով գործընթացի մեջ մեղադրել ընդդիմությանը, ուստի պետք չէ իշխանություններին նման հնարավորություն ընձեռել: Ի՞նչ է ստացվում. մի դեպքում Գեղամյանը խոսում է հանրահավաքների դրական ազդեցության մասին, երբ հաջողվել է իրենց հաշվարկներով 25-30 հազար մարդու «հեղափոխել», մյուս դեպքումՙ հանրահավաքի աննպատակահարմարությունից: Գեղամյանի կողմից երկակի ստանդարտների կիրառումն է վկայում նաեւ այն, որ հայտարարություններ անելուց հետո, այնուամենայնիվ, համատեղ հանրահավաքներ անցկացնելու հարցում ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» ղեկավարներին իր համաձայնությունն է վերահաստատում: Ըստ ամենայնի, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու կուսակցությունների ղեկավարները Գեղամյանի հետագա քայլերից անհանգստացած նրանից բացատրություններ են պահանջել եւ կայացած հանդիպումից հետո հայտարարել են, որ համատեղ հանրահավաքներ կազմակերպելիս եռյակը գործելու է համաձայնեցված:
Սա, թերեւս, իր «գաղափարակիցներին» Գեղամյանի հրամցրած առաջին խոշոր անակնկալն էր: Եթե ԱՄ նախագահն, իրոք, մտադրվել է իշխանությունների հետ համագործակցության եզրեր վերագտնել, նման անակնկալներն առավել հաճախակի կդառնան: Սակայն դրանք վերջնականապես կարող են եւ անտեղի դառնալ, քանի որ նման խաղերը Հայաստանի քաղաքական ծայրահեղ բեւեռացված դաշտում կարող են եւ հանգեցնել Ազգային միաբանություն կուսակցության լիակատար մեկուսացման եւ «անվստահելի դաշնակցի» համբավի, ինչը Գեղամյանի համար ավելին կարող է լինել, քան տարիներով փայփայած ամբիցիաների վերջնական խորտակումը:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ