Այսօր կայանալիք «Ղարաբաղ»-«Բանանց» հանդիպումով մեկնարկում է ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրը: Վաղը տեղի կունենան տուրի մյուս չորս հանդիպումները: Անշուշտ, տուրի կենտրոնական խաղը «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Փյունիկ»-«Սպարտակ» հանդիպումն է, որի ելքը հսկայական նշանակություն ունի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում: «Փյունիկը» 17 խաղից վաստակելով 46 միավոր, վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան հանդիպումներում «Սպարտակի» օգտին գրանցվել է 36 միավոր: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» ժամկետից շուտ կնվաճի չեմպիոնի կոչումը, իսկ եթե հաջողության հասնի «Սպարտակը», ապա մրցանակային տեղերի համար պայքարը նոր ուժով կբորբոքվի:
Հետաքրքիր է, որ ՀՀ առաջնություններում «Սպարտակին» դեռեւս չի հաջողվել հաղթել «Փյունիկին»: Նրանց միջեւ կայացած 12 հանդիպումներում 10 անգամ հաղթել է «Փյունիկը», 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Առաջին շրջանի խաղում էլ «Փյունիկը» հաղթեց 2-0 հաշվով: Հետաքրքրությամբ է սպասվում նաեւ «Զվարթնոցի» եւ «Միկայի» մրցավեճը: ՀՀ գավաթակրի համար այդ խաղը վերջին հնարավորությունն է ներգրավվելու առաջնության պարգեւների համար մղվող պայքարում: Վերջին տուրերում անհաջող հանդես եկող «Արարատը» Կապանում կմրցի «Լեռնագործի» հետ, իսկ «Դինամոն» կհյուրընկալի «Կոտայքին»: