«Ռազմատենչ» Հ. Ալիեւը խոսում է ղարաբաղյան խնդիրը խաղաղ բանակցություններով կարգավորելու մասին
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանում հայտնի քաղաքագետ, միջազգային հարցերով Ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Ասիմ Մոլազադեն Բաքվի «Էխո» թերթում ասել է. «Պարզ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ադրբեջանը չի պաշտպանում խնդրի ռազմական ճանապարհը: Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների: Հայաստանը նույնպես պատերազմ չի ցանկանում: Կարծում եմ, խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու սպառնալիքներն իրատեսական չեն»: Ահաբեկչության փորձագետ Քամիլ Սալիմովի կարծիքով, չափազանց վաղ է խոսել ԼՂ-ում պատերազմ սկսելու մասին: «Ռազմական գործողություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են դրան հասնելու բոլոր պայմանները: Պատերազմելը պահանջում է բավականաչափ մեծ գումար եւ վարժեցված բանակ, քանզի մենք չենք կարող իմանալՙ ինչքան ժամանակ է շարունակվելու», ասել է Սալիմովը: Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդներից Մուբարիզ Գուրբանլիի կարծիքով, ադրբեջանցիները չեն պաշտպանում ռազմական գործողություններ սկսելով ղարաբաղյան հարցի կարգավորումը. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ օրվա կարգավորելու բան չէ, բավականաչափ ժամանակ է պետք: Ամենայն հավանականությամբ Հայաստանը եւս դժվար թե պատերազմ սկսի»:
Ադրբեջանի «ռազմատենչ» նախագահ Հ. Ալիեւը կտրուկ շրջադարձ է կատարել եւ երկուշաբթի խոսել է ղարաբաղյան խնդիրը խաղաղ բանակցություններով կարգավորելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ալիեւն ասել է. «Ես պայքարել եմ եւ պայքարում եմ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով, մինչդեռ պետության գործերն այնպիսին են, որ մեզ ստիպում են հասնել ռեալ արդյունքների»: Թե ինչ ասել է «ռեալ արդյունքներ», Ալիեւը չի մասնավորեցրել: Մենք կարող ենք միայն ենթադրել, որ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ղարաբաղյան կարգավորման մի տարբերակ, որի դեպքում Ալիեւն ի վիճակի լինի հասնել Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանՙ իշխանության բերել իր Իլհամին: Ահա այս նպատակին հասնելուց հետո միայն կարելի է պաշտոնական Բաքվի ռազմաշունչ կամ խաղաղասեր հայտարարությունները լուրջ ընդունել: «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են», մի քանի օր առաջ «Ազգի» հարցին ի պատասխան ասել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Համանախագահների հետ հանդիպման ընթացքում ուշադրության արժանի է Հ. Ալիեւի հետեւյալ մեկնաբանությունը. «ԼՂ հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի երկու կողմերի շահերը հաշվի առնելու վրա: Հակամարտության վիրավորված կողմը Ադրբեջանն է: Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, ապա չի գտնվի հակամարտության որեւէ լուծում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հայտարարել են, թե «այս այցը բեկումնային է լինելու»: Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովն ասել է, որ «միջնորդները չեն շեղվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման այն առաջարկություններից, որոնք քննարկվել են Փարիզում եւ Քի Վեսթումՙ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ»: Միեւնույն ժամանակ պրն Տրուբնիկովը, որը շաբաթ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համանախագահներ Ն. Գրիբկովի, Ռ. Պերինայի եւ Ֆ. դը Սյուրմեյնի հետ հերթական այցով Բաքվից սկսեց տարածաշրջանային այցը, հատուկ շեշտել է, որ ԼՂ կարգավորման վերջին առաջարկություններում, այսինքնՙ Փարիզում եւ Քի Վեսթում Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում, «որոշակի փոփոխություններ են մտցվել»: «Մենք փորձում ենք գտնել փոխզիջումային որոշում», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Վ. Տրուբնիկովը:
Բաքվի ANS հեռուստատեսությունը մեջբերում է Տրուբնիկովի հետեւյալ խոսքերը. «Համանախագահներն ունեն նոր առաջարկություններ, ու թեեւ ոչ նշանակալի, դրանք տարբերվում են նախորդներից»: ՌԴ առաջին փոխարտգործնախարարը չի համաձայնել Հ. Ալիեւիՙ շուրջ երկու շաբաթ առաջ արած այն հայտարարությանը, թե «Մինսկի խումբը ԼՂ հարցում չունի սկզբունքային տեսակետ»:
Անդրադառնալով բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգրավման հարցին, պրն Տրուբնիկովն ասել է, որ «դա կարող է քննարկվել միայն երկու կողմերի միջեւ», այսինքնՙ եթե Բաքուն դեմ լինի ԼՂ իշխանություններիՙ բանակցությունների որոշակի փուլում մասնակցությանը, ապա «բանակցություններին կմասնակցեն միայն պաշտոնական Երեւանն ու Բաքուն»:
Ամերիկյան նորանշանակ համանախագահ Ռուդոլֆ Պերինան Բաքվում բացառել է հակամարտության կարգավորման ռազմական լուծումը «այժմ եւ ապագայում»: «Ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական եղանակը տարածաշրջանին չի բերի խաղաղություն եւ կայունություն», ասել է ամերիկացի դիվանագետը:
Երեկՙ կեսօրից հետո համանախագահները հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, մասնակցել մոնիտորինգին: «Դե ֆակտո» գործակալությունը հաղորդում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծումՙ Մարդակերտի շրջանում պայթել է հակահետեւակային ական: Լուրջ վնասվածք է ստացել ադրբեջանցի մի սպա, երկու ադրբեջանցի զինվորներ ստացել են թեթեւ վնասվածքներ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նրանց ուղեկցող անձինք, ԼՂՀ բանակի ներկայացուցիչները չեն տուժել: Ղարաբաղյան բանակի մի սպա նկատել է, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման կողմնակից երկրի զինծառայողները նույնիսկ չեն կարողանում ականազերծում իրականացնել:
Ֆրանսիայի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմեյնը հատելով շփման գիծը, ասել է, թե Մինսկի խումբն արել է նշանակալի քայլեր, մնացել են վերջին դետալները, որոնց շուրջ առավել դժվար է համաձայնության գալ: Իր հերթին ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վ. Տրուբնիկովը նկատել է, որ ԼՂ կարգավորման բանալին «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեռքում է եւ ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի»: Պրն Տրուբնիկովն ավելացրել է, որ միջնորդները չեն մոռանում ԼՂ գոյության փաստը, առանց որի «բարի կամքի հնարավոր չէ լուծել խնդիրը»:
Երեկոյան միջնորդները, ԼՂՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ, նախագահ Արկադի Ղուկասյանի հետ քննարկել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:
Այսօր առավոտյան համանախագահները կլինեն Շուշիում, ապա ուղղաթիռով կժամանեն Երեւան: Հայաստանի իշխանություններին նրանք կներկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման «նորացված» առաջարկությունները: