Քաղաքական որսՙ հակառակորդի բերանում
Մոսկվա կատարած իր մեկշաբաթյա այցից հետո Ստեփանակերտ վերադառնալով, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նոյեմբերի 3-ին բացառիկ հարցազրույց է տվել Արցախի պետական հեռուստատեսությանը: Համառոտ ներկայացնելով մոսկովյան հանդիպումների արդյունքները, ԼՂՀ նախագահը խոստացել է արդեն այս շաբաթ մամուլի ասուլիս հրավիրել, որտեղ ինքն ավելի մանրամասն կանդրադառնա դրանց:
Ա. Ղուկասյանը մասնավորապես անդրադարձել է նաեւ հայաստանյան առանձին լրատվամիջոցների այն հրապարակումներին, որտեղ նշվում է, թե իբր ինքը Ստեփանակերտում ադրբեջանցի լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են հրաժարվելու պետական անկախության գաղափարից: Եթե ադրբեջանական մամուլն է միտումնավոր շրջասում իր մտքերը, դա հասկանալ կարելի է, իսկ ահա հայ լրագրողի կողմից նման միտումնավորությունը ցավալի է, նշել է Ա. Ղուկասյանը: Հանրապետության ղեկավարը կրկին հավաստել է, որ ԼՂՀ իշխանություններն անկախության գաղափարից հրաժարվելու մտադրություն երբեւէ չեն ունեցել ու չունեն:
Ի դեպ, ԼՂՀ իշխանությունների քաղաքական ծրագրից որոշակի շեղման, տվյալ դեպքումՙ Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից հրաժարվելու մեջ «մեղադրվել» է նաեւ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը: Նման մի հրապարակման առնչությամբ երեկ պարզաբանում է կատարել ԱԺ մամլո ծառայությունը: Խոսքը «Իրավունք» թերթի թիվ 85-ում զետեղված այն տեղեկատվության մասին է, որում ասվում է, թե ԼՂՀ խորհրդարանի նախագահը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության մոտ արտահայտվել է Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից հրաժարվելու իրենց պատրաստակամության մասին: Պարզաբանելով իրողությունը, ԱԺ մամուլի ծառայության պետ Միքայել Հաջյանը մասնավորապես նշել է. «Ադրիան Սեւերինի այցին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը հանգամանալի տեղեկատվություն է տվել հանրապետությունում պառլամենտարիզմի ավանդույթների ձեւավորման ընթացքի, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումների վերաբերյալ: ԼՂՀ հռչակումը քաղաքական առումով արդեն իսկ միակողմանի լուրջ զիջում է Ադրբեջանին: Այն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին: Իսկ ԼՂՀ անկախության այլընտրանքը կարող է լինել Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման միջազգային ճանաչումը»:
Վկայակոչելով ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Օ. Եսայանի արտահայտած մտքերի այս շեշտվածությունը, ԱԺ մամուլի ծառայության ղեկավարը վերջում տարակուսանք հայտնեց հստակ ասված միտքը նման աղավաղված տեսքով ներկայացնելու առթիվ:
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիների փնտրտուքների այս փուլում, երբ ադրբեջանական իշխանությունները դիմել են խնդիրը ռազմական ուղիով լուծելու յուրօրինակ քաղաքական շանտաժի, ԼՂՀ ղեկավարության, այսպես կոչված, զիջողական դիրքորոշման մասին անհիմն հրապարակումները կարող են ադրբեջանական կողմի համար նպաստավոր ֆոն ստեղծել հետեւողական քաղաքականություն վարելու համար: Մի բան, որը բնավ ցանկալի չէ ԵԱՀԿ առաքելության նոր նախաձեռնությունների շեմին:
Ի վերջո մենք քաջ գիտենք, թե ինչպիսի վարպետությամբ է շահարկում ադրբեջանական մամուլը հայկական մամուլի այսօրինակ սպրդումները: Իսկ Ադրբեջանի քաղաքական վերնախավն իր իսկ ԶԼՄ-ների մատուցած «բարի» ծառայությունները, որպես կանոն, նպատակին ծառայեցնել գիտե:
Պետք չէ, ուրեմն, սենսացիաներ անելովՙ քաղաքական որս դառնալ հակառակորդի բերանում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ