«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2001-11-02 | #201, 2001-11-03 | #202, 2001-11-06


ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿԱՍՈՒՄ Է... ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Օրենքը լուրջ վերամշակման կարիք ունի

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի տեսակետը «Քաղաքական կուսակցությունների» մասին օրինագծի վերաբերյալ ներկայացնելիս արդարացիորեն նկատեց, որ գլխավոր վիճահարույց խնդիրն օրինագծում կուսակցությունների առջեւ սահմանափակումներ դնել-չդնելու հարցն է, դրանց հնարավոր սահմանները, որոնց առկայությունը կնպաստի երկրում քաղաքական համակարգի ձեւավորմանը: Անհրաժեշտ է պարզել, թե դրանք որքանո՞վ են ծառայելու բուն նպատակին, կամ պրակտիկորեն ի՞նչ կարժենա մանր կուսակցությունների համար, եւ չի՞ բերի մարդու իրավունքների խախտման: Այդ վտանգն իրապես առկա է օրինագծի դրույթներում, ըստ որոնց հնարավորություն է ընձեռվում պետությանըՙ կուսակցություններին լուծարելու, եթե որեւէ ընտրության նրանք չեն մասնակցում կամ մասնակցության դեպքում չեն հաղթահարում 2 տոկոսի արգելանքը: ՀՅԴ-ն, օրինակ, այս դրույթը որակում է որպես նոր ձեւավորվող գաղափարներին սպառնացող վտանգ: Մյուս դրույթով սահմանվում է, որ կուսակցությունները պետք է լինեն համայնապետական, մարզերում ունենան իրենց տարածքային կառույցը:

Ըստ ամենայնի, կուսակցությունը հնարավորություն կունենա մասնակցելու քաղաքական պայքարին, եթե հանրապետության մարզերից առնվազն 2/3-ում իր կառույցները ունենա:

Սակայն առավել կարեւոր խնդիրն այն է, որ օրինագիծըՙ հատկապես մեկ դրույթով, հակասում է սահմանադրությանը, առանց որի շտկման պարզապես վտանգավոր կլինի օրենքի ընդունումը: Նախատեսվում է, որ պատգամավորը մանդատը պարտավոր է վայր դնել, եթե ինքնակամ դուրս է գալիս խմբակցությունից, կամ նրան հեռացնում են: Ըստ հիմնական օրենքի, պատգամավորը չի առաջնորդվում հրամայական մանդատով, այսինքնՙ ազատ է խմբակցությունից դուրս գալու կամ մանդատը վայր դնելու գործընթացում: Հանրապետական Տիգրան Թորոսյանը սակայն ավելի հեռուն է գնում եւ կարծում, որ պատգամավորներին կարող են հետ կանչել միայն նրան ընտրողները: Ըստ էության, գործընթացը պարզապես անհնարին է պատկերացնել հատկապես համամասնական ցուցակով ընտրված պատգամավորների դեպքում, որոնց հեռացնելու համար, ոչ ավել, ոչ պակաս, հանրապետության ողջ ժողովուրդը պետք է ընտրախցիկներից դուրս չգա: Դա առավել իրատեսական է մեծամասնականով ընտրված պատգամավորի դեպքում, սակայն պետաիրավական հանձնաժողովն այս դեպքում էլ վաղաժամ է համարում նման նորմի մշակումըՙ գտնելով, որ իշխանությունները հաշվեհարդարի համար կարող են հրահանգել տվյալ ընտրատարածքի մարզի ղեկավարին բավարար ձայներ հավաքել եւ իրենց համար անցանկալի պատգամավորին զրկել մանդատից: Մյուս կողմից պետք է նշենք, որ սահմանադրությամբ նման գործընթաց եւս նախատեսված չէ:

Հակասահմանադրական է նաեւ ներկայացված այն առաջարկը, որով նախատեսվում է ոչ Հայաստանի քաղաքացիների անդամակցությունը կուսակցություններին: Թեեւ նախագծի համահեղինակները մերժել են Վենետիկի հանձնաժողովի այդ առաջարկը, սակայն որոշ քաղաքական ուժեր, որոնք սերտ կապեր ունեն սփյուռքի հետ, դա եւս պաշտպանում են: Սահմանադրությամբ նախատեսվում է կուսակցությունների անդամակցություն միայն ՀՀ քաղաքացիների համար, ինչն ինքնին բացառում է անգամ Հայաստան բռնագաղթած փախստականների անդամակցության հարցը:

Ինչեւէ, առաջին ընթերցմամբ այսօր ամենայն հավանականությամբ նախագիծը կընդունվի, չնայած առանց բացառության բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերըՙ խորհրդարանական թե արտախորհրդարանական, մի քանի տասնյակ առաջարկներ են ներկայացրել: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այդ առաջարկների լուրջ քննարկումներ են սպասվում, որոնցից է կախված օրենքի ընդունվել-չընդունվելը: Սակայն կան նաեւ ուժեր, որոնք արդեն այս պահին անընդունելի են համարում ՀԺԿ-ի ներկայացրած օրինագիծը: ԱԺ ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը մասնավորապես նախագիծը հետեւյալ կերպ որակեց. «Փոխանակ մենք էլ շարժվենք ժամանակակից մոտեցումների ճանապարհով, ընդունելով քննարկվող օրինագիծը, մենք ընդամենը կվերահաստատենք մեզանում գոյություն ունեցող տխրահռչակ ավանդույթը: Թեւավոր արտահայտությունների վարպետ Վիկտոր Չեռնոմիրդինն այդ ավանդույթի հարատեւումն այսպես է բնութագրել. «Հետեւողականորեն ջանում ես ստեղծել նոր կուսակցություն, դարձյալ ՍՄԿԿ է ստացվում: Որպեսզի դուրս գանք այդ տեղապտույտից, պետք է ընդունենք այնպիսի օրենք, որը կամրագրի գաղափարական հիմունքներով կուսակցությունների մեջ համախմբվելու մարդկանց իրավունքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4