Արմատականները չեն հրապարակում պատգամավորների անունները
Արմատական եռյակի հանրահավաքից 10 օր է արդեն անցել, սակայն այդպես էլ չեն ներկայացվում այն պատգամավորների անունները, որոնք, իրենց գնահատմամբ, քաջություն են ունեցել ստորագրելու նախագահի իմփիչմենթի նախագծի տակ: Որպես դրա արդարացում արմատականները մատնացույց են անում իշխանությունների կողմից պատգամավորների վրա հնարավոր ճնշումները: ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանն, օրինակ, իրենց նման «գաղտնապահ» գործելակերպը բացատրեց նրանով, թե «եթե քաղաքական որեւէ ուժ ինչ-որ բան է ձեռնարկում, խիստ կարեւորում է իր նպատակին հասնելը: Այդ տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում տակտիկական առումով անուններ հրապարակել: Բայց, իհարկե, նայած որ փուլում: Գուցե եւ շատ շուտով անուններ հրապարակվեն: Ես պիտի ասեմ, որ կան անուններ, որոնք մեզ համար էլ անսպասելի են»:
Եթե հաշվի առնենք, որ արմատականները անուններ պարտավորվում էին հրապարակել միայն ստորագրահավաքը լիովին ավարտելուց հետո, ապա Զաքարյանի այս հայտարարությունն առնվազն կարող է նշանակել, որ եռյակին հաջողվել է գրեթե լիովին հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: Սա խիստ տարակուսելի է, եթե նկատի առնենք, որ հենց իրենքՙ արմատականներն էին պնդում խորհրդարանի հեղինակազրկված եւ իշխանությունների «գրպանում» լինելու հանգամանքը: Նույնիսկ ծիծաղելի կլինի հավատալ, որ Արտաշես Գեղամյանը, օրինակ, փոխել է վերաբերմունքն այս խորհրդարանի նկատմամբ, որի լուծարումը պարզապես օրախնդիր է համարում հիմա էլ: Ամեն դեպքում արմատական եռյակը պարտավորվում է «շատ շուտով» ներկայացնել «ազգափրկիչների» ցուցակը: Եթե այդ «շուտովը» մինչեւ եկող նախագահական ընտրություններ չձգվի, ապա կարելի կլինի լրջորեն խոսել եռյակի բուն նպատակներիՙ իշխանափոխության հաղթանակած լինելու մասին: Այս պահին դրանք, սակայն, ոչ միայն անհեռանկարային են թվում, այլեւ անհնարին եւ զուտ նախընտրական յուրօրինակ պայքարի եւ ինքնահաստատման միջոց: Անուղղակիորեն դա վկայեց նաեւ Սահմանադրական իրավունք միություն կուսակցության (որն իր դիրքորոշումներով որոշակիորեն կառուցողական ընդդիմություն է համարվում) ղեկավար Հրանտ Խաչատրյանը. «Իմ կարծիքը ձեւավորում եմ կախված նրանից, թե այդ գործընթացները (իշխանափոխություն- Գ. Ա.) ինչ արդյունք են տալու ժողովրդի համար: Նախագահական-հականախագահական թեւերի միջեւ այս հակամարտությունը համարում եմ նեղ շրջանակի գործընթաց: Դրանք ընթացիկ են, որտեղ եռյակի կուսակցությունները լուծում են իրենց ներքին կուսակցական խնդիրները: Նրանք բոլորն էլ ամրանալու, իրենց ներսում դիրքորոշումներ ճշտելու եւ հասարակության առաջ հանդես գալու կարիք ունեն: Այդ եռյակի շատ քայլեր ինձ հիշեցնում են 1991-92 թթ. մեր գործունեությունը, երբ շփվում էինք հասարակության հետ մեր դիրքորոշումները հստակեցնելու համար.
Հիշենք, սակայն, որ եթե 1991-92 թթ. քաղաքական ուժերը համախմբվում էին հանուն գաղափարների, ապա հիմա ընդդիմադիր եռյակը համախմբվում է ընդդեմ անհատի եւ երկրում ծառացած բոլոր հիմնախնդիրների պատճառը տեսնում Ռոբերտ Քոչարյան անհատի մեջ: Այն աստիճան ակնհայտ է այդ միտումը, եւ արմատականներն այնքան են լարված Քոչարյանին հեռացնելու «գաղափարի» շուրջ, որ մոռացել են քաղաքական պայքարի թերեւս ամենակարեւոր այն պայմանը, որ եթե դեմ ես, ապա ներկայացրու քո թեկնածուին:
Սակայն իշխանական լծակների «չհավակնող», բայց իշխանություններին հալածելու «սուրբ գործին» լծված արմատականները. պարզապես չեն կարողանում իրար միջեւ բաժանել իշխանությունը: Հակառակ դեպքում ինչո՞ւ նախկին «Միասնություն»-ականները չեն ընդունում իրենց համախոհիՙ Գեղամյանի առաջարկած հակաճգնաժամային ծրագիրը, որը վերջինս ամեն գնով փորձում է եռյակի սեփականությունը դարձնել եւ որպես դրա հեղինակ ստանձնել ե՚ւ դրա իրագործումը, ե՚ւ սպասվող բաղձալի իշխանական «պատառների» ընդունումը: Եվ երբ ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» Գեղամյանի վերջին «քայլերից» ուշքի եկան, արդեն սկսեցին զգուշավոր լինել նրա նկատմամբ. եթե նախկինում նրանք միասին էին պատկերացնում հակաքոչարյանական պայքարը, ապա հիմա պարզ հայտարարում են, որ եթե Գեղամյանն իշխանափոխությանը հասնելու սեփական մեթոդներ ունի, թող կիրառի, իսկ իրենք կշարունակեն որդեգրած հանրահավաքային քաղաքականությունը: «Գուցե նա (Գեղամյանը-Գ. Ա.) իր նպատակին հասնելու համար այլ միջոց է տեսնում: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում: Այդ կուսակցությունները միաձուլված չեն, եւ ամեն մեկն արտահայտում է իր կարծիքը: Հետո գալիս ենք ընդհանուր հայտարարի», ասում է ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանը:
Փաստորեն «Միասնության» սինդրոմը առկա է նաեւ եռյակի ներսում եւ արդեն իսկ պառակտման ծիլեր է արձակում: Գեղամյանի այս քայլը դրա առաջին նշանն է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հ. Գ. Մի անեկդոտ կա. մեկը գողության նպատակով սղոցում է խանութի կողպեքը: Անցորդներից մեկը նկատում, մոտենում եւ հարցնում է. «Այս ի՞նչ եք անում»: «Ջութակ եմ նվագում», հնչում է պատասխանը: «Իսկ ինչո՞ւ նվագի ձայնը չի լսվում»: «Սրա ձայնը վաղն է լսվելու», պատասխանում է գողը: