ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երկուշաբթի ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի ղեկավարության մեջ այսօրվա դրությամբ «փաստորեն աշխատում է միայն մի մարդ»ՙ անձամբ ինքը: Այդ առնչությամբ, նախագահի կարծիքով, ամենագլխավորն է Վրաստանի համար «հնարավորինս արագ լուծել նախարարների կաբինետի ստեղծման հարցը»:
Շեւարդնաձեն ասել է, որ իր բոլոր վերջին գործողությունները ուղղված են նրան, որպեսզի թույլ չտրվի ապակայունացում: Նա ասել է, որ իրեն դժվար չէր լինի գումարել «100-հազարանոց ակցիա ի պաշտպանություն իրեն»: Շեւարդնաձեն դա չի արել, որպեսզի «թույլ չտա հասարակության պառակտում»:
Շեւարդնաձեն «չի կարծում, որ Վրաստանում քաղաքական գործիչ կա, որն ավելին է արել իրենից խոսքի ազատության պաշտպանության համար»: Ըստ նախագահի, նա միշտ ջանքեր է գործադրել ապահովելու խոսքի ազատությունը, չնայած մամուլում իրեն հասցեագրվող զրպարտությանն ու վիրավորանքներին: «Ես հարկադրված էի դա հանդուրժել հանուն խոսքի ազատության», ասել է Էդուարդ Շեւարդնաձեն:
Նախագահը փաստել է, որ Վրաստանում կատարված իրադարձությունները լուրջ հարված հասցրին պետության հեղինակությանն ու վարկին», ինչն իր հերթին «կանդրադառնա երկրի բարեկեցության վրա»: