«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2001-11-02 | #201, 2001-11-03 | #202, 2001-11-06


ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ «ՓԱՅԼԵՑ» ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲԵՄԵՐՈՒՄ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերջին ամիսներին, հատկապես հոկտեմբերին, համերգային բեղուն մի ժամանակաշրջան էր ապրումՙ հյուրախաղերով հանդես գալով Կիպրոսում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Լիբանանում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ արտագնա համերգներ Արցախում եւ Սյունիքում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը երեկ լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ առաջիկայում վերստին սպասվում են հյուրախաղեր, այս անգամՙ Ամերիկայի Մ. Նահանգներում: Ինչպես ավանդաբար վարվում է կամերային նվագախմբի ղեկավարությունը, հերթական հյուրախաղերին նախորդեց ամփոփիչ մամուլի ասուլիսըՙ արդեն անցած համերգաշրջանին անդրադարձող:

Այսպիսով, երեքշաբթի նվագախումբը մեկնում է Նյու Յորք, ուր առաջին անգամ հանդես է գալու Լինքոլն Սենթրում, որի մասն են կազմում, ի դեպ, հռչակավոր «Մետրոպոլիտեն» օպերան եւ Ջուլյարդի բարձրագույն երաժշտական դպրոցը: Արամ Ղարաբեկյանը մանրամասնորեն ներկայացրեց Լիբանանում եւ Մեծ Բրիտանիայումՙ Քենթըրբերիում մեծ հաջողությամբ անցած համերգները: Լիբանանյան համերգը, որը ՀԲԸՄ-ի հովանավորությամբ տեղի է ունեցել Բեյրութի ամերիկյան համալսարանում, ջերմորեն է ընդունվել ունկնդրի կողմից: Իսկ Լոնդոնից 2 ժամվա հեռավորությամբ գտնվող Քենթըրբերիում ավանդաբար անցկացվող փառատոնին մասնակցելու հրավեր կամերային նվագախումբը ստացել է կազմակերպիչներից, որոնք արդեն մինչ այդ հետաքրքրված են եղել կամերայինի գործունեությամբ: Փառատոնը բազմաժանր է, այստեղ ներկայացվում է տարբեր ուղղությունների երաժշտությունՙ դասականից մինչ ջազ ու ֆոլկլոր: Մեր կամերային նվագախումբն իր նվագացանկում ընդգրկել է ո՚չ միայն դասական, այլեւՙ ժամանակակից երաժշտությունՙ կատարելով Մոցարտ, Բրիտեն, Միրզոյան: Մեներգչուհու «դերը» հաջողությամբ իրականացրել է Նունե Բադալյանը, որը բազմիցս հանդես է եկել կամերային նվագախմբի հետ: Ի ապացույց իրենց մեծ հաջողությանՙ Ա. Ղարաբեկյանը վկայակոչեց տեղական լրատվամիջոցների ջերմ արձագանքները: Այդօրինակ հրապարակումներից մեկում նշված էր, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբն ունկնդրի կողմից արժանացավ հոտնկայս ծափահարությունների, քանզի ցնցեց իր կատարողական խորությամբՙ տեխնիկական ու զգացմունքային: «Նվագախումբն ու մեներգչուհին շռայլորեն պարգեւատրվեցին «բիս»-երով: Սա եւս մի ապացույց է, որ հինավուրց ու նորանկախ Հայաստանը երաժշտական աշխարհին մատուցելու դեռ շատ արժեքներ ունի, նաեւՙ հենց այս հրաշալի նվագախմբի շնորհիվ», գրված էր հոդվածում: Փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբՙ համերգներից մեկը նվիրվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին. եկեղեցում կայացած այդ համերգին նախորդել են տեղի հոգեւոր առաջնորդի աղոթքն ու քարոզը, որոնք անդրադարձ են եղել հայերին ու Հայաստանի պատմությանը:

Ինչեւէ, ասուլիսի ընթացքում բազմաթիվ հարցեր ուղղվեցին կամերային նվագախմբի ղեկավարությանը: «Ազգի» հարցին, թե տարեսկզբից ի վեր կամերային նվագախումբն ի՞նչ ծրագրեր է իրականացրել 1700-ամյակի պետական հանձնաժողովի հետ եւ քանի՞սն է իրականացնելու, Արամ Ղարաբեկյանը պատասխանեց. «Այս տարվանից մեր կատարողական կազմն ընդարձակվեցՙ ստեղծվեց կամերային երգչախումբը, որի առաջին համերգը նվիրված էր հենց տոնակատարությանը: Պետական կամերային նվագախմբի այս տարվա բոլոր համերգների նախաձեռնողն ինքներս ենք եղել, ինքներս էլ իրականացրել ենք մեր ծրագրերըՙ դրանք ընծայելով 1700-ամյակի տոնին: Ինչ վերաբերում է պետական ծրագրերին, ապա դրանց շրջանակներում ընդգրկվելու առաջարկ մեզ որեւէ մեկը չի արել»: Առնվազն ցավալի մի «հայտնագործություն», որ մեզ հաղորդվեց. ցավալի, քանի որ Հայաստանում այնքան էլ շատ չեն առաջնակարգ նվագախմբերըՙ այս մեկն անտեսելու կամ անուշադրության մատնելու համար:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4