Ակնկալվում է նաեւ Քոչարյան-Ալիեւ առանձին հանդիպում Պուտինի մասնակցությամբ
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկասյան քառյակի»ՙ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 30-ին Մոսկվայում: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության Կովկասի երկրների գծով գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Բորոդավկինը: Ըստ նրա, այդ հանդիպմանը նախատեսվում է քննարկել տարածաշրջանային համագործակցությանը եւ հակամարտությունների լուծմանն առնչվող հարցեր: Միաժամանակ Մոսկվայում ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որոնք կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Դիվանագետը նշել է, որ ամենայն հավանականությամբ նրանց կմիանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: