«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2001-11-03 | #202, 2001-11-06 | #203, 2001-11-07


907 ՀՈԴՎԱԾՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ՉԵՆ ՉԱՐՉՐԿՎԵԼ, ԱՅԼԵՎ ՍԱԿԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ

Վերջին շրջանում հայաստանյան եւ սփյուռքահայ մամուլը հաճախակի էր անդրադառնում ինչպես 907 հոդվածի վերանայման, այնպես էլ Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիային Հայոց ցեղասպանությունը որպես նախապայման առաջադրելու դրույթի վերացմանն առնչվող խնդիրներին: Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատը քվեարկեց Ադրբեջանի ամերիկյան կառավարական օգնությունը սահմանափակող 907 հոդվածը մեկ տարով կասեցնելու օգտին: Թեեւ հոդվածը դրանով չվերացվեց, սակայն կորցրեց ուժը: Հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանը որոշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին անդամակցության նախապայման չէ Թուրքիայի համար: Այսպիսով, վերջինս ձերբազատվեց ճանաչման պարտադրանքից:

Թվում էր, թե 907 հոդվածի առնչությամբ Սենատի, իսկ Հայոց ցեղասպանության հարցում Եվրախորհրդարանի որոշումները կնպաստեն կրքերի հանդարտեցմանն, ու վերոհիշյալ հոդվածը եւ հարցն աստիճանաբար կդադարեն դառնալ Հայաստանի եւ սփյուռքի քննարկման առարկան: Ինչպես երեւում է, խնդիրը սոսկ Հայաստանն ու սփյուռքը չէ, այլ ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների, հայերին ահաբեկչության մեջ մեղադրելու նրանց նկրտումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների դիմելու վերջիններիս ջղաձգումների թուրքական արձագանքների ու այդ արձագանքների ամերիկյան ընկալման մեկնաբանությունները:

«Ազգը» ժամանակին արձագանքելով ահաբեկչության հետ Հայաստանի մտացածին առնչությունների մասին ադրբեջանական մեղադրանքներին, դրանք որակեց հերյուրանք եւ փորձեց ցույց տալ հերյուրանքներով քաղաքականություն վարելու սնանկությունը: 907 հոդվածի առնչությամբ նշվեց, որ դա մշտապես շրջանցվել է, ինչի հետեւանքով Հայաստանին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնությունը տարեցտարի կրճատվել է, փոխարեննՙ Ադրբեջանինը շարունակ աճել: Այլ կերպՙ խորհրդանշական բնույթի այս հոդվածն ընդամենը ամերիկացիների ձեռքին իրենց «հայամետությունը» հիմնավորելու գործիք է եղել: Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցին, ապա դրաՙ որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման մերժումը պայմանավորվեց Եվրախորհրդարանի վրա գործադրվող ԱՄՆ-ի ճնշումներով, որոնց հիմքում էին դրվել Թուրքիային անմիջականորեն աֆղանական պատերազմի մեջ ներքաշելու ամերիկյան հաշվարկները:

Ըստ երեւույթին ամերիկացիների քաղաքական հաշվարկներն անհիմն չէին: Ահա թե ինչու նոյեմբերի 1-ին Անկարայում, Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին գումարվեց նաեւ զորահրամանատարության հետ թուրքական կառավարության արտակարգ նիստը: Դրան հետեւեց վարչապետ Բյուլենթ Էջեւիթի նույն օրվա հանդիպումը նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հետ, որի ավարտին նա հայտարարեց Աֆղանստան 90 հոգուց բաղկացած հատուկ ստորաբաժանում գործուղելու կառավարական որոշման մասին: Կասկածից վեր է, որ Սեզերը հավանություն է տվել որոշմանը: Ամենայն հավանականությամբ, միմիայն հատուկ պատրաստվածության սպաներից կազմված այդ ստորաբաժանումն Աֆղանստան է շարժվելու նոյեմբերի 9-ին:

Թուրքական թերթերը նոյեմբերի 2-ի համարում իսկույն արձագանքեցին որոշմանը: Դրանցից ոմանք առանցքային առաջադրանք էին նախատեսում թուրքական ստորաբաժանմանը, ոմանք էլ ընդգծում, որ Թուրքիան ուղղակիորեն ընդգրկվելով ռազմական գործողություններում, դառնում է ԱՄՆ-ի ամենավստահելի դաշնակիցը: Այդ ամենի առումով թերեւս հատկանշականը «Գյոզջուն» էր: Թուրքական այս թերթը նույն օրվա համարում «Զինվորները գնում են, դոլարներըՙ գալիս» խորագրով նշեց, որ ԱՄՆ-ը ներում է սպառազինման նպատակով Թուրքիային տրամադրված պարտքի 7 միլիարդը, իսկ Միջազգային արժութային հիմնադրամը սառեցնում է երկրի արտաքին պարտքից բխող ամենամյա վճարումների 5 միլիարդանոց մասնաբաժինը եւ 6 միլիարդ դոլարի հավելյալ վարկ է տրամադրում:

Այդ նույն օրը թուրքական պետհեռուստատեսության էկրանին պաշտոնաթող գեներալ Սուաթ Իլհանը, մեկնաբանելով Աֆղանստան թուրքական ստորաբաժանում գործուղելու կառավարական որոշումը, մեկնաբանեց նաեւ արտաքին պարտքի ներման, դրանից բխող ամենամյա վճարումների սառեցման եւ Թուրքիային հավելյալ վարկի տրամադրման մասին «Գյոզջուի» հոդվածը: Նա մասնավորապես ասաց, որ պատահական չեն օրերս թուրքական տնտեսության ճգնաժամի մասին ԱՄՆ-ում տարբեր մեկնաբանություններով հոդվածների լույս ընծայումը, հայերի հակաթուրքական գործողությունների կասեցումը, 907 հոդվածի վերանայումը, ԵՄ-ին անդամակցության համար ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման Թուրքիային առաջադրելուց հրաժարումը եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման շուրջ քննարկումների աննախադեպ աշխուժացումը:

Պաշտոնաթող գեներալն այս խոսքերով ոչ միայն հաստատեց «Գյոզջու» թերթին, այլեւ հիմնավորեց 907 հոդվածի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության առնչությամբ նախօրոք արտահայտած մեր տեսակետը: Այն տարբերությամբ, որ եթե «Ազգը» ցեղասպանության ճանաչման նախապայմանի վերացումը վերագրում էր եվրոպական երկրների հետ ԱՄՆ-ի սակարկություններին, ապա Սուաթ Իլհանը դա պայմանավորեց թուրք-ամերիկյան սակարկություններով: Նրա խոսքերից ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ սակարկվել է նաեւ 907 հոդվածը: Թե դրա վերացումը ի՞նչ նպատակ է հետապնդում, առանձին խնդիր է, հետեւաբարՙ մասնավոր մոտեցում է պահանջում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4