«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2001-11-03 | #202, 2001-11-06 | #203, 2001-11-07


ՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՊԱՏԻՆ» ՆԱՅԵԼ ՄԻԱՍՆԱԲԱՐ

Որպես թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամ Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների վարչության նախագահ Վան Գրիգորյանը նոյեմբերի 2-ին հրավիրվել է խոսելու Ամերիկա-թուրքական ասոցիացիաների ասամբլեայի (ԱԹԱԱ) 22-րդ տարեկան համագումարի ընթացքում:

ԱԹԱԱ-ն բաղկացած է 55 ամերիկա-թուրքական կազմակերպություններից եւ անհատ քաղաքացիներիցՙ Ամերիկայից, Կանադայից եւ Թուրքիայից: Համագումարը տեղի է ունեցել Վաշինգտոնի «Վաշինգտոն» հյուրանոցում:

Անդրադառնալով հայտնի բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստի «պատերի» գոյության անհանդուրժողականությանը նվիրված բանաստեղծությանը, Վան Գրիգորյանը նշել է, որ հսկայական պատ գոյություն ունի հայերի եւ թուրքերի միջեւ, եւ որ այդ պատի յուրաքանչյուր կողմում կանգնածը չգիտի, թե ինչ է կատարվում մյուս կողմում: «Մենք երբեք այդ պատին միասնաբար չենք նստել», ասել է նա, համարելով, որ հուլիսին Ժնեւում ԹՀՀՀ-ի գոյառումն այդ առումով խիստ նպատակահարմար էր: Նա շեշտել է, որ հանձնախումբը կառավարական հարաբերությունների փոխարեն գործելու հավակնությունը չունի եւ ոչ էլ ատյան է պատմական վճիռ արձանագրելուՙ տեղի՞ է ունեցել ցեղասպանությունը, թե՞ ոչ:

Հանձնախումբը, ըստ նրա, զբաղվում է հայ-թուրքական հարաբերություններում վերացնելու ամպի ծածկույթը, օրինակ ծառայելով ուրիշներին, որ նույնպես երկխոսություն ծավալեն երկու հասարակությունների տարբեր խավերի ներկայացուցիչների միջեւ:

«Չափազանց դժվար եւ ցավոտ րոպեներ ենք ունենալու, բայց դրանից ոչ մեկը չի կարող համեմատվել իրենց ծննդավայրում հայերի կորստյան հետ: 1914 թ.-ին 2.538 հայկական եկեղեցիներ եւ 451 վանքեր կային այդ հողի վրա: Չեմ կարող հավատալ, որ դրանց եւ ֆիզիկական անձանց ոչնչացումը կարող է որեւէ մեկին հպարտություն պատճառել կամ դրդել, որ արդարացնի կատարված ողբերգությունը: Եթե պատճառում է, կամ դրդում արդարացնելու, ապա առավել մեծանում է հանձնաժողովի կարեւորությունը: Մենք փորձում ենք դասեր քաղել աշխարհում գործող հաշտեցման այլ հանձնախմբերից: Ոմանք հաջողության հասել են, ուրիշներըՙ ոչ: Եթե մենք կարողանանք փոխադարձ ըմբռնումով մի նոր գլուխ սկսել մեր հարաբերություններում, ապա արդարացված կլինեն հաշտեցման հանձնաժողովի գոյառման նպատակները», եզրափակել է իր խոսքը Վան Գրիգորյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4