Այսուհետ Մեծամոր քաղաքում եւս գործելու է ՀՌԱԿ ակումբ: Վերջերս երդմնառության արարողությունն անցած եւ կուսակցության շարքերը համալրած մեծամորցիներին շնորհավորելու եւ անդամատոմսեր հանձնելու նպատակով Մեծամոր էին մեկնել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, գործիչ Կարեն Կակոյանը: Մինչ նորագիրներին անդամատոմսեր հանձնելը, Հարություն Առաքելյանի կնքահայրությամբ եւս երեք մեծամորցիներ դարձան ռամկավար: Այնուհետ նորագիր ռամկավարների եւ ՀՌԱԿ փոխատենապետի միջեւ երկխոսություն սկսվեցՙ երիտասարդ կուսակցականները մտահոգված էին մեր իրականության մեջ տեղի ունեցող իրադարձություններով, ինչպես նաեւ երկրի ապագայով: Նրանց հատկապես հետաքրքրում էր ՀՌԱԿ դիրքորոշումը մի շարք քաղաքական հարցերի վերաբերյալ:
Ընկեր Առաքելյանը եւս մեկ անգամ նշեց, թե կուսակցության համոզմամբՙ ազատական տնտեսական զարգացումն է մեր երկրի ճիշտ ուղին: Նա նկատեց, որ այդ միտումներն արդեն իսկ շոշափելի են, ինչը եւ պատճառ է, որպեսզի ՀՌԱԿ-ը գալիք ընտրություններին լուրջ նախապատրաստվի:
Մեծամոր քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունն աշխատում է ԱԷԿ-ում: Էժանագին էլեկտրաէներգիա մատակարարելով ողջ հանրապետությանը (ի դեպ, պետական բաշխիչ ցանցերի միջոցով)ՙ աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Իսկ էներգիան սպառվելով, տալիս է «կորուստներ», որը դեմ է ֆիզիկայի օրենքներին: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում գործում են ֆիզիկայի այլ օրենքներ: «ԲԷՑ-երը հաստատ պետք է սեփականաշնորհվեն ոչ միայն կուսակցության ազատական գաղափարախոսությունից ելնելով, այլեւ նրանից, որ իսպառ վերանա «մասնագետի»ՙ հաշվիչին դիպչելու հնարավորությունըՙ այն հանձնելով համակարգչին: Ասվածի ապացույցը վերջերս «Ազգ» օրաթերթի անհիմն հոսանքազրկումն էր», նշեց Հարություն Առաքելյանը:
Ժողովին ընտրվեցին նաեւ «Մեծամոր» ակումբի վարչականներըՙ ատենապետ Արտեմ Եղիշյանը, փոխատենապետ Արթուր Վիրաբյանը, ատենադպիր Մարգարիտա Նավասարդյանը, գանձապետ Արմեն Դավթյանը, խորհրդական Արթուր Հարությունյանը:
Նույն օրը Մեծամոր քաղաքում տեղադրվեց նաեւ ցուցանակ. մեծամորցիներին հնարավորություն կտրվի ընթերցելու «Ազգի» եւ տեղական «Խաղաղ ատոմ» թերթերի համարները:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ