Մայր Աթոռ. Սբ. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 6 նոյեմբեր: Նոյեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինՙ ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց, դեսպան Ռուդոլֆ Պերինային, ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենին, Ռուսասատանի կողմից համանախագահ Նիկոլայ Գրիբկովին:
Վեհափառ հայրապետը ողջունեց խաղաղության պատգամով Մայր Աթոռ ժամանած բանագնացներին, նշելով, որ հայ ժողովրդի ձգտումն է ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս առիթով Նորին Սրբությունը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջանում եւ Թուրքիայում հնչող պատերազմի սպառնալիքների առնչությամբ, որոնք միայն խոչընդոտում են հակամարտության լուծմանը: Ամենայն հայոց հայրապետը իր զորակցությունը հայտնեց Մինսկի խմբի խաղաղասիրական առաքելությանը, նշելով, որ այդ նպատակին են ուղղված նաեւ երկու ժողովուրդների հոգեւոր առաջնորդների պարբերական հանդիպումները:
Պարոն Տրուբնիկովը ընդգծեց հակամարտության կարգավորման գործում հոգեւոր կառույցների համագործակցության կարեւորությունը.
«Ձեր հեղինակությամբ եւ ազդեցությամբ դուք կարող եք անել ավելին, քան քաղաքագետները», համոզմունք հայտնեց Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
ԱՄՆ հատուկ բանագնաց, դեսպան Ռուդոլֆ Պերինան առանձնահատուկ ընդգծեց, որ տարածաշրջանում հնչող ռազմատենչ հայտարարություններն անհեռանկար են եւ զուրկ իրատեսական հողից:
Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենն արձանագրեց, որ տարածաշրջանային թնջուկի շուտափույթ կարգավորումը օրվա հրամայականն է եւ շատ կարեւոր նկատեց այն հանգամանքը, որ հակամարտությունը կրոնական չէ: