Գերմանական Բադ-Վիսսե քաղաքում ավարտվեց շախմատի ներկայացուցչական խոշոր մրցաշարը, որի մասնակիցների թվում էր նաեւ երեւանցի միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Ավարտական տուրից առաջ մրցաշարում հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Վլադիմիր Հակոբյանը Բակլանի, Կրասենկովի եւ Շաբալովի հետ 7-ական միավորով բաժանում էր 1-4-րդ տեղերը: Մի խումբ շախմատիստներ էլ վաստակել էին 6,5-ական միավոր: Ավարտական տուրում առաջատարները հանդիպում էին միմյանց հետ: Երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Խաղաղ դաշն կնքեցին Հակոբյանն ու Բակլանը, Շաբալովն ու Կրասենկովը: Արդյունքում բոլոր չորս շախմատիստներն էլ վաստակեցին 7,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, մրցաշարի հաղթող ճանաչվեց Վլադիմիր Հակոբյանը: 2-3-րդ տեղերը բաժանեցին Բակլանն ու Շաբալովը, 4-րդ տեղում Կրասենկովն է:
6,5 միավոր ունեցող բոլոր շախմատիստներն էլ միմյանց միջեւ կայացած պարտիաներում խաղաղ դաշն կնքեցին: Գործակիցներով լավագույն հնգյակը եզրափակեց ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինը (7 միավոր):
Վլադիմիր Հակոբյանն ընթացիկ մրցաշրջանում շարունակեց իր հաջող մրցելույթները: Նրա տոնած հաղթանակի արժեքը իրոք մեծ է, եթե նկատի ունենանք, որ մրցաշարի 512 մասնակիցներից 32-ը միջազգային գրոսմայստերներ էին, 85-ըՙ ՖԻԴԵ-ի միջազգային վարպետներ: