Գեղարքունիքի մարզում մանր եւ միջին բիզնեսի զարգացումը, թեկուզեւ դանդաղ, առաջ է ընթանում:
Վարդենիս քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Գնել Խաչատրյանը 1995 թ. իր տան մի անկյունում հիմնելով պանրի արտադրություն, կարճ ժամանակում կարողացավ հիմնավորվել այս բնագավառում: Արտադրությունն սկսել է օրական 200 լ կաթի մշակությամբ, իսկ այսօր արդեն օրական մշակվում է տասն անգամ ավելի: Այստեղ արտադրվող «Վարդենիս» եւ «Լոռի» տեսակի պանիրները վաճառվում են Երեւանի, Մոսկվայի եւ Ֆրանսիայի շուկաներում: 2000թ. հոկտեմբերին Ֆրանսիայում կայացած համտես-մրցույթում «Վարդենիս» պանիրը շահել է հատուկ պատվոգիրՙ մրցակցելով Եվրոպայի ճանաչված տեսակների հետ: Պանրի «Վարդենիս» տեսակը ստեղծել է Գնել Խաչատրյանը: Առաջիկա օրերին պանրագործը կմասնակցի Լեհաստանում եւ Հոլանդիայում անցկացվելիք մրցույթներին, որոնց կազմակերպիչներից հրավեր է ստացել: Ի տարբերություն հզոր արտադրական կարողություններ փոշիացրած այրերի ու գործարարների, որոնց միշտ էլ ինչ-որ բան խանգարել եւ խանգարելու է, երիտասարդ ձեռներեցը օր-օրի մեծացնում է իր արտադրության ծավալներըՙ գործելով միայն օրինականության շրջանակներում, եւ համոզված է, որ Հայաստանի հարկային դաշտը լիովին նպաստում է արտադրության կազմակերպմանը: Համենայն դեպս, ինքը դա կարողանում է ապացուցել իր օրինակով:
Շուրջ 30 անասնապահական տնտեսություններում, որոնք պանրագործին հանձնում են օրական 50-500 լիտր կաթ, հետզհետե ավելանում են ե՚ւ անասնագլխաքանակը, ե՚ւ աշխատատեղերը:
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ