Սկսված ընտրապայքարի նախանշանները
ՀՀՇ-ի եւ արմատական եռյակի հակաիշխանական արշավի միակ ազդեցությունը քաղաքական դաշտի վրա արտահայտվեց նրանով, որ քաղաքական ուժերը կանգնեցին երկընտրանքի առաջՙ կամ իշխանամետ դառնալ, կամ ծայրահեղ ընդդիմադիր եւ հակաիշխանական կոչերով ջանք ու եռանդ չխնայել հետագայում իշխանական լծակներից օգտվելու համար: Եվ չնայած դրան, իրեն քիչ թե շատ լուրջ համարող քաղաքական որեւէ ուժ վերջին ճամբարում այդպես էլ չի հայտնվում: Դա խոսում է առաջին հերթին այն մասին, որ արմատականների հապճեպ իշխանափոխության իրագործմանը միտված գործունեությունը եւ բերված փաստարկները նրանց համար ընդունելի չեն, մյուս կողմից խիստ կասկածելի է արմատականների թաքուն համակրանքը նախկինների նկատմամբ:
Եռյակին չաջակցելու միտումն այնքան ակնհայտ է, որ ընդդիմադիր բեւեռի առաջադեմ քաղաքական ուժերը փորձում են անգամ հիմնավորել իրենց նման դիրքորոշումը: Մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով արմատականների ձեռնարկած քայլերը համարեց ապակայունացնող եւ չհիմնավորված: Իսկ «Սահմանադրական իրավունք միությունը», որն իրեն եւս համարում է կառուցողական ընդդիմության դրոշակակիր, իշխանափոխության իրականացումը տեսնում է ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների միջոցով: Գլխավոր հիմնավորումն այն է, որ ցանկացած արտահերթ ընտրությունների ժամանակ երկիրը քաղաքական ցնցումներ է արձանագրում: Ավելինՙ կուսակցության ղեկավարներն անգամ այն դիրքորոշման են, որ արմատականների ձեռնարկած քայլերը պետք է հասցնել նվազագույնի, միառժամանակ թույլ չտալ իշխանություններին կենտրոնացնելու իր ողջ պոտենցիալը եւ օգտագործելու ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ:
Մասնավորապես այս չեզոք ուժերի դեռեւս չհամատեղված գործունեության հետեւանքով է, որ աստիճանաբար նոր քաղաքական միավորում է ի հայտ գալու, որը քաղաքական գործընթացներում փորձելու է միջանկյալ դիրք զբաղեցնելՙ այդպիսով ողջ դաշտը դարձնել եռաբեւեռ, իշխանամետ, ծայրահեղ ընդդիմադիր եւ այս երկուսից իրեն զգալիորեն հեռու պահելուն միտված «երրորդ ուժ», որին որոշ ուժեր, ի դեպ, հավակնում էին դեռեւս նախորդ տարվանից, երբ ակնհայտ դարձավ հզոր անհատականությունների ստեղծած «Միասնության» տարրալուծումը եւ կործանումը: Դա պայմանավորված էր հատկապես մի հանգամանքով. «Միասնություն» դաշինքի տապալումից հետո չկար այլեւս որեւէ ուժ, որ քաղաքական բեմահարթակում առաջատարի պարտականություններ ստանձներ, եւ այդ վակուումը որեւէ կերպ պետք է հետագայում լրացվի: Դրա անհրաժեշտությունը ներկայումս քիչ անհանգստացնող է, քանի որ բացի ծայրահեղականներից, մյուս բոլոր ուժերն ամեն կերպ ձգտում են մինչեւ հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ձգել կարկատված կայունությունը: Միմիայն դրանով է բացատրվում քաղաքական փոքրամասնության հանդուրժողականությունը «Միասնություն» դաշինքից մնացած հանրապետական ԺԴԿ-ական մեծամասնության հանդեպ, որին դեռեւս պայմանականորեն դաշինքի իրավահաջորդ են համարում եւ քաղաքական նախաձեռնությունների առյուծի բաժինը թողնում նրան:
Հատկապես հենց «Միասնության» անհաջող օրինակն աչքի առաջ ունենալով քիչ հավանական է նոր ձեւավորվող ուժի դաշինքային տարբերակը հենց «Միասնության» տարբերակով, երբ առանց հաշվի առնելու գաղափարական ընդհանրությունների եւ ծրագրածին դրույթների իրատեսականության առաջնահերթությունը, դաշինքը ձեւավորվեց միայն հզոր անհատականությունների պայմանավորվածություններով: Եվ քանի որ երբեւէ սոցիալիստական գաղափարախոսությունը լիբերալիզմի հետ ընդհանրություն կազմել չի կարող, «Միասնությունն» այսպես թե այնպես պետք է տապալվեր: Հենց դա է պատճառը, որ ձախերն արդեն բանակցություններ են վարում իրենց շրջանակներում հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր միացյալ ուժ ստեղծելու նպատակով: Նախաձեռնությունը ոչ միայն կարող է խոշորացնել քաղաքական ձախ բեւեռում գործող ուժերը, այլեւ կարող է իշխանության լուրջ հայտ ներկայացնել, եթե հնարավորինս կարողանա խուսանավել քաղաքական հին ու նոր «գայլերի» ամբիցիաներից եւ եթե կարողանա պահպանել ոչ իշխանամետ, ոչ ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքը: Ըստ էության, դա բավականին դժվար լուծելի խնդիր է հայկական իրականության պայմաններում, ինչը վերաբերում է նաեւ աջ բեւեռի քաղաքական ուժերին: Այս բլոկի ուժերը շատ ավելի քիչ հնարավորություններ ու ցանկություններ ունեն համախմբվելու մի քանի պատճառով: Առաջին, եւ թերեւս ամենակարեւոր պատճառն աջերի միջեւ գոյություն ունեցող խիստ հակասական դիրքորոշումներն են: Մի մասը, որպես իշխանություն, համախմբման որեւէ խնդիր չի դնումՙ զարմանալիորեն ուշադրություն չդարձնելով սկսված ընտրապայքարին: Մի մասըՙ ծայրահեղ լիբերալները, ապացուցած լինելով իրենց ռեֆորմների սնանկությունը, հայտնվել են ընդհատակում եւ սակայն տնօրինման հին պոտենցիալը վերադարձնելու նպատակով օգտագործում են ամեն ինչ իշխանության վերադառնալու: Մյուսներն ընդգծված անկախություն են պահպանում ընտրություններին միայնակ գնալու հեռանկարով:
Ամեն դեպքում քաղաքական նման փոխհարաբերությունների պահպանվելու դեպքում աջերը կարող են կանգնել գաղափարական ընդդիմադիրների լուրջ ճնշման ենթարկվելու փաստի առջեւ: Սակայն քաղաքական պրոցեսներում շատ բան շատ ավելի կախված է նրանից, թե նախընտրական արշավի ընթացքում մրցակից ուժերն ի՞նչ հիմնավորումներ, իրականության առանձին ի՞նչ դրվագներ են բերելուՙ պայքարում սեփական գոյությունը հիմնավորելու նպատակով: Սակայն դա քննարկման առանձին թեմա է.
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ