Սիրիացիները բեն Լադենի հանդեպ չունեն դրական վերաբերմունք, իսկ աֆղան խաղաղ բնակիչների կոտորածը նրանց ցավ է պատճառում
«Այս պատերազմը մեզ չի վերաբերում», այսպես կպատասխանի քեզ գրեթե յուրաքանչյուր սիրիացի: Աֆղանստանում ամերիկա-բրիտանական ռմբահարումների սկսման օրվանից Սիրիայում հակաամերիկյան որեւէ ցույց տեղի չի ունեցել, ընդհանուր առմամբ ժողովուրդը բեն Լադենի եւ Թալիբանի հանդեպ չունի դրական վերաբերմունք, ի տարբերություն հարեւան արաբական կամ մահմեդական պետությունների, օրինակՙ ԱՄՆ ռազմավարական դաշնակից Սաուդյան Արաբիայի, որտեղ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը պաշտվում է, Մեքքայի եւ Մեդինայի սրբավայրերում մարդիկ աղոթում են նրա համար:
Սիրիան արաբական պետությունների շարքում առաջիններից մեկը դատապարտեց սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի եւ Վաշինգտոնի ահաբեկչությունները, նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր ուղարկեց նախագահ Բուշին, ամերիկացի ժողովրդին: Միեւնույն ժամանակ Դամասկոսը պատրաստակամություն հայտնեց միանալու միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, պայմանով, որ անցկացվի ՄԱԿ-ի հովանու ներքո, հստակ որոշվեն ահաբեկչության սահմանները: Արտգործնախարար Ֆարուկ ալ Շարաան օրերս Նյու Յորքումՙ ԱՄՆ պետքարտուղար Ք. Փաուելի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ պետք է ազգային դիմադրությունը սահմանազատել ահաբեկչությունից: Դամասկոսը պատրաստակամ է միանալու միջազգային ահաբեկչությունը արմատախիլ անելու պայքարին, պայմանով, որ ուղղված լինի բոլոր թիրախներին, ահաբեկչության բոլոր տեսակներին, այդ թվում «Իսրայելի կողմից շարունակվող պետական ահաբեկչությանը»:
Այստեղ այն տեսակետն է գերիշխում, թե ամերիկացիների արածը Աֆղանստանում որեւէ առնչություն չունի ահաբեկչության դեմ պայքարին, ամերիկացիները փորձում են Աֆղանստանում իշխանության բերել մի ուժի, որի վրա հաստատեն իրենց վերահսկողությունը: Սիրիացիները զուգահեռներ են տանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների միջեւ, որոնք իրականացվում են Աֆղանստանում եւ Պաղեստինում, դրանք որակում բռնություններ եւ անարդար վերաբերմունք աֆղան եւ պաղեստինցի արաբ ժողովուրդների նկատմամբ:
Սիրիան, որը Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սուդանի, Հյուսիսային Կորեայի եւ Կուբայի հետ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից համարվում է ահաբեկչությունը պետական մակարդակով հովանավորող պետություն, հստակորեն տարանջատում է ահաբեկչությունը ազգային դիմադրությունից: Նախագահ Ասադը, բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են, որ «Հզբոլլահի», «Համասի» գործողությունները Պաղեստինում, արաբական գրավյալ այլ տարածքներում ահաբեկչություն չեն, այլՙ դիմադրություն, ազատագրական պայքար ընդդեմ իսրայելական ագրեսիայի: Դամասկոսը համոզված է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը բխում է վերջինիս որդեգրած քաղաքականությունից, այլ ոչ թեՙ իրականությունից: Հակառակը, Սիրիան կարծում է, թե ինքն է ահաբեկչության զոհ: 1967 թ. վեցօրյա պատերազմը, երբ Իսրայելը ԱՄՆ ռազմական տեխնիկայի օգնությամբ օկուպացրեց ռազմավարական առումով չափազանց կարեւոր Գոլանի բարձունքները, Դամասկոսի կողմից որակվում է ահաբեկչության մի տեսակ:
«Ազգի» հատուկ ռեպորտաժը սիրիա-իսրայելական սահմանիցՙ Գոլանի բարձունքների գրավյալ Կունեյտրա քաղաքից, կարդացեք առաջիկա համարներից մեկում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Դամասկոս