«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2001-11-10 | #207, 2001-11-13 | #208, 2001-11-14


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻ ԶՈՐՔԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՔԱԲՈՒԼԸ

ԱՄՆ-ն Աֆղանստանում կանգնել է նախաձեռնությունից զրկվելու փաստի առջեւ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Մինչ ամերիկա-բրիտանական ռազմաօդային ուժերը ռմբակոծում էին թալիբների դիրքերը, իսկ պաշտոնական Վաշինգտոնը, չբացառելով Աֆղանստանում ցամաքային գործողությունների անհրաժեշտությունը, զորք էր պահանջում իր դաշնակիցներից, եւ նրա պահանջներին հաջորդաբար արձագանքում էին Իտալիան, Գերմանիան, Ճապոնիան, ահա Հյուսիսային դաշինքը լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկում Մազարի Շարիֆի վրա:

Նոյեմբերի 11-ին թալիբները թողնում են Ուզբեկստանի եւ Տաջիկստանի սահմանից ոչ հեռու գտնվող այդ քաղաքըՙ այսպիսով դաշինքի ստորաբաժանումների առջեւ բացելով թե՚ հետագա առաջխաղացման եւ թե՚ թիկունքից անխափան մատակարարման լայն հեռանկարներ: Այդ ընթացքում վերջիններս ստանում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքն ընդարձակելու հնարավորություն: Դա իր հետ բերում է թալիբների դեմ ցամաքային գործողություններն սկսելու համար համապատասխան ռազմական պլացդարմի ընդլայնումը:

Հյուսիսային դաշինքի ներկայացուցիչները Մազարի Շարիֆի գրավումը համարում են լուրջ հաղթանակ: Մինչդեռ թալիբները հայտարարում են, թե քաղաքը ինքնակամ են զիջել, որպեսզի բնակչությանը զերծ պահեն ամերիկա-բրիտանական օդուժի պարբերական ռմբակոծություններից: Այդ ընթացքում օտարերկրյա հեռուստակայանները, ինչու չէ, նաեւ թուրքական պետհեռուստատեսությունն անդրադառնում են Մազարի Շարիֆում Հյուսիսային դաշինքի ստորաբաժանումների անկարգություններին. խաղաղ բնակչության համար պահեստավորված պարենամթերքի կողոպտման, ինչպես նաեւ կախաղաններով զուգորդվող հաշվեհարդարի փաստերին:

Մազարի Շարիֆի ռազմավարական նշանակությունը մեծ է: Ահա թե ինչու թուրքական «Սթարը» դեռ նոյեմբերի 2-ի համարում, կարեւորելու համար այն ստորաբաժանման նշանակությունը, որին Թուրքիան նոյեմբերի 9-ին պատրաստվում էր գործուղել Աֆղանստան, գոհունակությամբ գրում է. «Առաջին շարքերում ենք կռվելու, նույնիսկ ամերիկացիների առջեւում», իսկ «Փոսթան»ՙ ավելացնում. «Թուրք զինվորին առանցքային դեր է հատկացվել, Մազարի Շարիֆում է կռվելու»: Դա տեղի չունեցավ: Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահաթթին Չաքմաքօղլուն նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ կառավարությունը վերանայել է Աֆղանստան զորք ուղարկելու իր որոշումը, թուրք զինվորը ռազմական գործողություններին չի մասնակցելու: Դրան հետեւեցին Հյուսիսային դաշինքի ստորաբաժանումների ակտիվացումը, նրանք, օգտվելով Մազարի Շարիֆի գրավման ընձեռած հնարավորությունից, շարժվեցին Քաբուլի վրա: Երբ վերջիններս լայնամասշտաբ հարձակման համար ընդհուպ մոտենում էին Քաբուլին, հյուսիսցիներին եւ թալիբներին ընդդեմ ԱՄՆ-ի միավորելու պատրաստակամությամբ ասպարեզ իջավ Աֆղանստանի նախկին վարչապետ Գուլբեդդին Հեքմաթիարը: Սա ոչ այլ ինչ է, քան Աֆղանստանում հակաամերիկյան կոալիցիա ստեղծելու պատրաստակամություն:

Որքանով դա կհաջողվի Հեքմաթիարին, դժվար է ասել: Համենայն դեպս, Հյուսիսային դաշինքի դաշտային հրամանատարների մեջ հետզհետե աճող հակաամերիկյան տրամադրությունների մասին նրա վկայությունն անհիմն չէ: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ դաշինքի ներկայացուցչի սեպտեմբերի 24-ի հայտարարությանը, որտեղ համակերպվելով թալիբների դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարելու մտքին, այնուամենայնիվ ընդգծվում է. «Աֆղանստանի ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը: Եթե ամերիկացիները փորձեն խոչընդոտել, ապա մենք մեր զենքը կուղղենք նրանց դեմ»: Այլ կերպ, ամերիկացիների հետ համագործակցությանը դաշինքն ի սկզբանե մոտենում էր նրանց նկատմամբ անվստահությունից բխող վերապահությամբ: Անվստահությունն ավելի քան անհիմն չէ, որովհետեւ թալիբներին հենց ամերիկացիներն են զինել եւ օգտագործել դաշինքի դեմ:

Հարցը սակայն ամերիկացիների նկատմամբ դաշինքի անվստահությունը չէ, ոչ էլ ԱՄՆ-ի հետ համագործակցության վերջինի վերապահությունը, այլՙ Քաբուլի հանկարծակի գրավումը: Նոյեմբերի 13-ի առավոտյան թուրքական պետհեռուստատեսությունը տեղեկացրեց, որ դաշինքի զորքերը Քաբուլի մատույցներում են, թեեւ նրանք պատրաստ են լայնամասշտաբ հարձակում կատարել քաղաքի վրա, բայց դրա համար հարմար պահի են սպասում: Ըստ երեւույթին այդ հարմար պահը Վաշինգտոնից հրահանգի արձակումն էր, որ գեներալ Դոսթումի ներկայացուցիչը միանշանակ ընդգծեց. «Մենք պատրաստ ենք Քաբուլ մտնել, բայց ամերիկացիները հակված չեն շուտափույթ հարձակման»: Նրան հետեւեց հաղորդավարը, ավելացնելով. «Քանի դեռ Աֆղանստանը չի որոշել ապագա իշխանությունների հարցը, որոնք փոխարինելու են թալիբներին, Վաշինգտոնը նպատակահարմար չի գտնում Քաբուլի գրավումը»:

Դա ենթադրում էր հարձակման հետաձգում այնպես, ինչպես հետաձգվել էր թուրք զինվորների Աֆղանստան գործուղումը: Մինչ հեռուստաէկրանին հիմնավորվում էին հետաձգման մասին ենթադրությունները, հաղորդումն ընդհատվեց, եւ այդ նույն հաղորդավարը հայտնեց, որ Հյուսիսային դաշինքի ստորաբաժանումները գրավել են Քաբուլը, արդեն շարժվում են Ջալալաբադի ուղղությամբ, ստացած տեղեկությունների համաձայն, նրանց հաջողվել է գրավել նաեւ Ղանդահարի օդանավակայանը:

Քաբուլի գրավումն անակնկալ է: Քանի որ կատարվել է առանց Վաշինգտոնի հետ համաձայնությանՙ նրան շրջանցելու գնով, ուրեմն վերջինը չափազանց տհաճ անակնկալի առջեւ է կանգնած: Թեեւ թուրքական հեռուստատեսությունը չհասցրեց այդ մասին որեւէ տեղեկություն հաղորդել, ֆրանսիական «Լիբերասիոնը» նոյեմբերի 13-ի համարում արձանագրեց Քաբուլի գրավման առնչությամբ ամերիկացիների դժգոհության փաստը: Ակնհայտ է, որ եթե դաշինքը կարողանում է Քաբուլի գրավման հարցում անտեսել «առայժմ քաղաքի վրա հարձակումից զերծ մնալու» Վաշինգտոնի կարգադրությունը, հազիվ թե նրա հետ համաձայնեցնի դեպի Ջալալաբադ իր զորքերի առաջխաղացումն ու Ղանդահարի օդանավակայանի գրավումը: Ուրեմն, նաեւ Վաշինգտոնը առաջխաղացման եւ օդանավակայանի գրավման համար պետք է դժգոհ լինի:

Այս ամենից հետո հարց է ծագումՙ Աֆղանստան թուրքական ստորաբաժանում գործուղելու հետաձգումը որեւէ առնչություն ունի՞ Քաբուլի վրա հարձակումը հետաձգելու Վաշինգտոնի մտահղացումների հետ: Ինֆորմացիայի պակասը հնարավորություն չի տալիս սպառիչ պատասխան տալ հարցին: Բայց որ դաշինքը հանկարծակի գրավելով Քաբուլը, ԱՄՆ-ին մեծապես զրկում է քաղաքական նախաձեռնությունից, ակնհայտ է: Այլապես ինչո՞վ բացատրել գրավման առնչությամբ ամերիկացիների դժգոհությունը: Չէ՞ որ Աֆղանստանում պատերազմը հենց Վաշինգտոնն է սանձազերծել, թալիբների իշխանության տապալմանը նա է ձգտում, առավել եւս տապալման համար համագործակցում է Հյուսիսային դաշինքի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4