«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2001-11-14 | #209, 2001-11-15 | #210, 2001-11-16


«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԻՏԻ ԽՈՍՏՈՎԱՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ալ. Կվաշնեւսկին Ծիծեռնակաբերդ այցը համարեց հայաստանյան իր ծրագրի ամենակարեւոր հատվածը

Երեկ, ի թիվս այլ հանդիպումների, պետական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահը եղավ նաեւ ԵՊՀ-ում: Ալեքսանդր Կվաշնեւսկու արժանիքների մասին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի խոսքից եւ համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետում լեհերենի ուսումնասիրության փաստի հիշատակումից հետո բարձրաստիճան հյուրը խոսեց եվրոպական ինտեգրացիայի մասին:

«Եվրոպան միավորվում է, եւ այս գործընթացն անհնար է կանգնեցնել: Մենք ականատես ենք բազմակողմանի համագործակցության, որ զարգանում է տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական ոլորտներում», նշեց Ալ. Կվաշնեւսկին: Սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա, եվրոպական աշխարհամասի երկատման վտանգ է առաջանումՙ կայուն, բարեկեցիկ եւ աղքատ հատվածների: «Սա իրական վտանգ է հատկապես այն երկրների համար, որոնք տրանսֆորմացիոն փոփոխություններից հետո այսօր ջանում են մոտենալ արեւմտյան աշխարհին»: Երկրորդ խմբի մեջ, ամենայն հավանականությամբ, մտնում է նաեւ Հայաստանը: Ըստ Լեհաստանի նախագահի, որի երկիրը մինչեւ 2002-ի վերջ պլանավորում է Եվրամիություն իր մուտքը, նման վտանգից հնարավոր է խուսափել միայն իրենց Եվրոպա համարող երկրների ուժերի կենտրոնացմամբ եւ փոխգործակցությամբ: Գալով բուն մեր տարածաշրջանինՙ Լեհաստանի նախագահն այն համարեց աշխարհի կարեւոր կետերից մեկը, որտեղ կենտրոնացված են էներգետիկ մեծ ռեսուրսներ եւ Եվրոպան ու Ասիան կապող ճանապարհներ: «Սրանով հանդերձ էլ մեծ նշանակություն է ստանում տարածաշրջանի երկրների խաղաղ համագործակցությունը»: Ալ. Կվաշնեւսկու համոզմամբ, Հարավային Կովկասի երեք պետությունների ընդհանուր շահերն ի վերջո կգերակայեն չլուծված հակամարտություններին:

Այսպիսով, լավատեսորեն ամփոփելով ԼՂ հակամարտության կարգավորման թեման, Ալ. Կվաշնեւսկին խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի մասին: Պատասխանելով հայ ուսանողիՙ լեհերենով ձեւակերպված հարցին, Լեհաստանի նախագահն ասաց. «Այսօր եղա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող հուշահամալիրում, եւ դա համարում եմ այցիս ամենակարեւոր հատվածը: Այսօր աշխարհում ոչ ոք չի կարող ժխտել, որ ցեղասպանություն եղել է: Սա փաստ է»: Սակայն այսօր կարեւոր է, թե ինչպես լուծել Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կառուցման խնդիրը: «Քաղաքական Լեհաստանը ձեզ հետ է: Կճանաչի՞ մեր խորհրդարանը ցեղասպանության փաստը, թե՞ ոչ, իմ իրավասությունից դուրս է: Բայց սառը պատերազմի ավարտից եւ ամեն ինչից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում, պիտի ասել ճշմարտությունը: Ես խորհուրդ եմ տալիս իմ թուրք գործընկերներին խոստովանել ճշմարտությունը: Այսօր պիտի լուծել անցյալի խնդիրները», հայտարարեց Ալ. Կվաշնեւսկին: Նախագահի այս խոսքերը հայ լսարանն ընդունեց ծափահարություններով, ինչից հետո վերջինս հայտնեց, թե ինքը ստացել է Երեւանի պատվավոր քաղաքացու անձնագիր: Այս, ինչպես նաեւ նախագահի երեկ նշվող ծննդյան տարեդարձի առթիվ Ռ. Մարտիրոսյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց ԵՊՀ ոսկե մեդալ եւ ալբոմ:

Իսկ թե ինչ էր պատրաստվում ՀՀ նախագահը նվիրել իր լեհ գործընկերոջըՙ մեզ չհաջողվեց պարզել: Ամեն դեպքում երկու նախագահները երեկոյան ուղեւորվելու էին Ռ. Քոչարյանի Սեւանի նստավայր:

Վաղը Լեհաստանի նախագահը, ամփոփելով պետական այցը, կմեկնի Երեւանից:

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4