«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2001-11-14 | #209, 2001-11-15 | #210, 2001-11-16


ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ 907 ՀՈԴՎԱԾԻ ԱՆՊԱՏԵՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Նոյեմբերի 14-ին Մ. Նահանգների Կոնգրեսի զույգ պալատների միացյալ փոխհամաձայնողական հանձնաժողովը որոշում ընդունեց 907 հոդվածի առկախման վերջնական բանաձեւման մասին, Վաշինգտոնից հաղորդում են Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի (ՀՅԴ) գրասենյակներից երեկ մեր ստացած անգլերեն հաղորդագրությունները: Ըստ Համագումարի հաղորդագրության, այս բանաձեւը համապատասխանում է ինչպես հայերի, այնպես էլ Մ. Նահանգների շահերին, իսկ Հայ դատի հաղորդագրությունը պնդում է, որ այն ընդունվել է հակառակ ամերիկյան պետքարտուղարության մեծ ճնշումների: Ինչպես հայտնի է, Մ. Նահանգների կառավարության կողմից Ադրբեջանին տրվող ուղղակի օգնությունը մինչեւ Հայաստանի շրջափակման վերացումն արգելակող թիվ 907 հոդվածը վերջերս Կոնգրեսը, տեղի տալով պետքարտուղարության եւ անձամբ նախագահ Բուշի հորդորների առաջ, որոշել էր առկախել,, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունն ու մտավախությունը, թե Բաքուն կարող է այն օգտագործել հայերի, մասնավորաբար Լեռնային Ղարաբաղի դեմ: Վերոհիշյալ հանձնաժողովի որոշմամբ, ահա, հստակեցվում են Ադրբեջանին տրվելիք օգնությունների օգտագործման ոլորտները եւ, հայերիս համար ամենակարեւորը, խստիվ սահմանվում, որ դրանք չեն կարող օգտագործվել ագրեսիվ նպատակներով Հարավային Կովկասի հայկական համայնքների դեմ: Ավելինՙ նույն որոշմամբ Կոնգրեսն իրեն իրավունք է վերապահում վերանայել թիվ 907 հոդվածի առկախման որոշումը 2003 թ. ֆինանսական տարվա համար:

Անշուշտ, «Հայկական համայնքներ» ասելով հասկացվում է Լեռնային Ղարաբաղը, ինչի նշումը, ինչպես հաղորդում է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունը, վերջին պահին պետքարտուղարությանը հաջողվել է զանց առնել տալ, եւ կոնգրեսականները բավարարվել են «Հայկական համայնքներ» արտահայտությամբ:

Այս առթիվ Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին նախագահ Քոչարյանը նախագահ Բուշին գրած նամակում ընդգծում էր, որ 907 հոդվածի տկարացումը բացասական ազդեցություն է թողնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան ջանքերի վրա, քանի որ Հայաստանի թուրքական եւ ադրբեջանական շրջափակումները հակամարտության ընդհանուր խնդիրներից մեկն են եւ, հետեւաբար, կարգավորման տարրերից մեկի դուրսբերումը կարող է ազդել կարգավորման ենթակա մյուս տարրերի վրա:

Զույգ հաղորդագրությունները տեղեկացնում են, որ Կոնգրեսի միացյալ հանձնաժողովը նոյեմբերի 14-ի նիստում հաստատել է Մ. Նահանգների կառավարության կողմից Հայաստանին տրվելիք 90 մլն դոլար օգնությունը, որի վրա գումարվել էր նաեւ 4 մլն դոլար օգնությունը ռազմական ֆինանսավորման գծով: Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունն ավելացնում է, որ վերոհիշյալ օգնություններից բացի Մ. Նահանգները Հայաստանին տրամադրելու է 300 հազար դոլարՙ զինվորական մարզումների (թրեյնինգ) համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4