«Վերջին տարիներին Արգենտինա գաղթած հայաստանցիների մեծամասնությունը լրջորեն մտածում է Հայաստան վերադառնալու մասին», վկայում է նորաստեղծ Արգենտինայի հայրենադարձներին աջակցող հանձնախմբի հրապարակած հայտարարությունը, որի մասին իր հերթին տեղեկացնում է մեզ Դիեգո Կարամանուկյանը Ուրուգվայի «Ռադիո Արմենիայից»:
1993 թվականից ի վեր, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետեւանքով, շուրջ հինգ հազար մարդ արտագաղթել է Հարավային Ամերիկա, այդ թվումՙ Արգենտինա: Բնականաբար, նրանցից ոչ բոլորի հույսերն են արդարացել:
Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ անմիջական գործակցությամբ ստեղծվել է հայրենադարձներին աջակցող հանձնախումբ, որի միակ նպատակը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «նյութական եւ բարոյական օգնություն ցույց տալն է բոլոր նրանց, ովքեր ուզում են վերջնականապես վերադառնալ Հայաստան եւ չունեն ֆինանսական միջոցներ»:
Հանձնախումբը, ինչպես հայտնում են դրա ներկայացուցիչները, «ապաքաղաքական մի մարմին է, որ գործելու է միայն մի նպատակի համար, առանց խոչընդոտելու տեղական կազմակերպությունների գործունեությունը»:
Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը տեղեկացրեց, որ օգոստոսին կազմված հանձնախմբի օգնությամբ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի արդեն վերադարձել են հայրենիք: Առաջիկա օրերին կմեկնի եւս չորս մարդ: Վերադարձողները հանձնախմբից ստանում են ճանապարհածախսը: Նախապատվությունը տրվում է անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:
Հանձնախումբն օժանդակելու է նաեւ ոչ հայաստանցի այն հայերին, ովքեր ցանկանում են հիմնավորվել Հայաստանում:
Մեր կողմից ավելացնենք, որ վերջին մեկ տարում Արգենտինայում տնտեսական սուր տագնապ է տիրում: