Գյուղակադեմիայի եւ ճարտարագիտական համալսարանի քոլեջի երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողների զորակոչման խնդիրը երեկ վերջապես հանգուցալուծվեց: Կառավարության որոշմամբ երկրորդ կուրսերի ուսանողները խտացված կանցկացնեն դասընթացները եւ 2002 թ.-ի դեկտեմբերին կզորակոչվեն բանակ: Երրորդ կուրսերի ուսանողները զինծառայության կմեկնեն գարնանը: Այս տեղեկությունը հաղորդեց կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: Նա նաեւ անդրադարձավ ասպիրանտների զորակոչման հարցին: Ըստ փոխնախարարի, յուրաքանչյուր տարի կառավարությունն ասպիրանտուրայի համար հատկացնում է հնարավոր սահմանափակ տեղեր: Այս տարի դրանք եղել են 224-ը: Սակայն շրջանավարտների մեջ մեծ թիվ են կազմել գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցողները: Օրենքով սահմանված կարգով դա անհնար է եղել. համապատասխան միջոցները չէին բավարարում, եւ բանակի համալրման հետ կապված խնդիր էր առաջանում: Այդ պատճառով որոշվել է լրացուցիչ վճարովի տեղեր հատկացնել, պայմանով, որ այդտեղ ընդգրկվողները համաձայնեն ծառայել բանակում: Սակայն այսօր, Արա Ավետիսյանի կարծիքով, այդ բանավոր համաձայնությունը խախտվում է: Այդ պատճառով նախարարությունը չեղյալ է համարելու օրենքով չհիմնավորված վերոնշյալ տեղերի տրամադրումը, եւ այդտեղ սովորողները զրկվելով ասպիրանտուրայից, բանակ կզորակոչվեն որպես ՀՀ քաղաքացիներ: Կրթության եւ գիտության փոխնախարարը հավաստեց, որ ովքեր կամավոր դիմում կգրեն բանակ մեկնելու, նրանց տեղերը կպահպանվեն, իսկ մյուսներինըՙ ոչ: Վերջիններիս կվերադարձվի իրենց վճարած ուսման վարձը: «Մենք թույլ չենք տա, որ երիտասարդը գիտությամբ զբաղվելու փոխարեն խուսափի բանակում ծառայելուց», նշեց Արա Ավետիսյանը: «Ինչո՞ւ է պայմանավորվածությունը բանավոր եղել», «Ազգ»-ի հարցին նա պատասխանեց, որ եթե օրենքով չհիմնավորված է, ապա անհնար էր գրավոր ձեւակերպել: Իսկ ո՞վ եւ ինչպիսի՞ պատասխանատվության պետք է ենթարկվի հարցի կապակցությամբ նշվեց, որ դա կճշտվի, եւ պատասխանատուները վարչական տույժի կենթարկվեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ