Երեկ կառավարության նիստում ընդունվեց «Հայմամուլի» մասնավորեցման որոշումը: Ըստ այդ որոշման, ընկերության 175 եւ մարզային դուստր ձեռնարկությունների 131 կրպակների սեփականաշնորհման ժամանակ առաջնությունը տրվելու է կրպակավարներին: Օտարումից առաջացած միջոցներն ուղղվելու են հատուկ հաշվին, որտեղից մարվելու է թերթերին ընկերության ունեցած պարտքը: Կրպակի գնորդը որոշակի պարտավորություններ է ստանձնում: Մասնավորապես պայմանագրի կնքումից հետո 5 ամսվա ընթացքում նա պետք է վճարի կրպակի գինը, ընդ որում առաջին մեկ ամսվա ընթացքումՙ ամբողջ վճարի 50 տոկոսը: Կրպակի նոր սեփականատերը պարտավոր է առնվազն 5 տարի շարունակել թերթերի եւ ամսագրերի վաճառքը:
Որոշման մասին մեզ հետաքրքրող հարցերը չհաջողվեց ուղղել պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին, քանի որ նա արագորեն «փախուստի» դիմեց: Մինչդեռ այս հարցը տպագիր լրատվամիջոցների համար էական նշանակություն ունի: Իսկ Դավիթ Վարդանյանից կցանկանայինք իմանալ, թե որքա՞ն գումար պետք է կուտակվի կրպակների վաճառքից, որպեսզի մարվի թերթերին ունեցած «Հայմամուլի» 150 մլն դրամ պարտքը: Ավելին, ըստ մեր տվյալների, այդ 300 կրպակավարներից միայն 40-50-ն է ցանկանում գնել կրպակ: Կամ ի՞նչ երաշխիք, որ նոր սեփականատերը կվաճառի թերթերը, այլ ոչ թե դրանք ընդունելով, «բարեխղճորեն» հաջորդ օրը կվերադարձնի:
Այսպես թե այնպես, պետական գույքի կառավարման նախարարությունը, վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվա ընթացքում պետք է առաջարկություն ներկայացնի «Հայմամուլ» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի մասին:
Ա. Մ.