Վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում մոտ 100 անուն հայալեզու գիրք է հրատարակվել, բազմաթիվ աշխատություններ են թարգմանվել հայերենից արաբերեն եւ հակառակը: Արաբալեզու ընթերցողին է ներկայացվել հայոց պատմությունը, մշակույթն ու գրականությունը: Այս մասին խոսվեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Համեդ Հասանի հետ գրողների միությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր «Դեսպաններն առանց փողկապի» շարքի շրջանակներում: Դեսպանին ներկայացնելովՙ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հատկապես կարեւորեց 97 թվականից դեսպան Համեդ Հասանի կատարած գործը երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնագիտությամբ բանասեր Համեդ Հասանը նշեց, թե ինքը քայլեր կձեռնարկի երկու երկրների գրողների միությունների միջեւ համագործակցության հիմքը դնելու համար:
Մ. Հ.