«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2001-11-17 | #213, 2001-11-21 | #214, 2001-11-22


ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍԱԿՐԱՄԵՆՏՈ, 21 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 20-ին Գլենդեյլում Կալիֆոռնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսը եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրել են, ինչպես ամերիկյան տեղական մամուլն է բնութագրել, փոխըմբռնման պատմական հուշագիր Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրական, գործարարական ու մշակութային կապերի առավել ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ: «Ամերիկայի ձայնի» հաղորդման համաձայն, հուշագրի ստորագրմանը ներկա են եղել հայ եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մովսես Աբելյանը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Իր ելույթում նահանգապետ Դեյվիսը ասել է. «ՀՀ-ի ստեղծման 10-ամյակի առթիվ Կալիֆոռնիայի 34 մլն բնակիչների անունից դրվատում ու ողջունում եմ Հայաստանինՙ իր արիության ու վճռականության եւ այն առաջընթացի համար, որ արձանագրել է անցած տասնամյակում տնտեսական ու սոցիալական արդարության բոլոր ոլորտներում»: Նա նշել է, որ ամերիկյան գործարարները արդեն գործ են սկսել Հայաստանում, որը կարեւոր դեր կխաղա Հայաստանի բարգավաճման գործում:

Իր ելույթում նախարար Օսկանյանը մասնավորապես նշել է. «Անցած 10 տարիների ընթացքում ու դրանից էլ առաջ հայերն ու կալիֆոռնիացիները ունեցել են հոյակապ կապեր, որոնց մի մասը փորձում ենք ձեւակերպել այս հուշագրի ստորագրմամբ ու դնել առավել ամուր հիմքերի վրա: Հուսով եմ, որ հուշագրի ոգին կիրականացվի առաջիկա ամիսներին ու տարիներին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4