Այնուամենայնիվ, ուսանողները բազում պրոբլեմներ են մատնանշում
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հուսով եմՙ հարցերը ռեկտորատներում չեն պատրաստվել, այլ ձերն են, քանի որ կկամենայի հետեւել, թե ինչպես եք մտածում», նշեց երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանումՙ այդ եւ այլ բուհերի ուսանողների հետ հանդիպման սկզբին: Նախագահը նախ կամեցավ ամփոփել անցնող տարին տնտեսական եւ արտաքին քաղաքականության տեսակետից:
«Անկախության սկզբից ի վեր տնտեսական նման աճ չենք ունեցել»
Ամփոփելով 2001-ի տասը ամիսներըՙ Ռ. Քոչարյանը հավաստեց, թե աննախադեպ կերպով համախառն ներքին արդյունքը 109,6 տոկոս է: Արդյունաբերության աճը 6,9 տոկոս է, գյուղատնտեսությանըՙ 11,5 տոկոս, կապիտալ շինարարությանըՙ 14,8 տոկոս: Նախագահի համոզմամբ, ցուցանիշները փոքր-ինչ ավելի բարձր կլինեին, եթե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը տեղի չունենար: Որպես տնտեսության եւ տնտեսական քաղաքականության թերացում Ռ. Քոչարյանը նախ նշեց հարկային վարչարարության ոլորտըՙ պարզաբանելով, որ վերջին շրջանում իմպորտի փոխարինման գործընթաց է սկսվել, սակայն չի փոխվել հարկային վարչարարությունը: Ինչն, ըստ Ռ. Քոչարյանի, այսօր արվում է արագ տեմպերով:
Այնուհետեւ նախագահն առանձնացրեց էներգետիկ ոլորտը: «Սա լրջագույն պրոբլեմներով ոլորտ է: Մեկ անգամ ոլորտի սեփականաշնորհումը չկայացավ, ինչը խիստ դանդաղեցրեց բարեփոխումների ընթացքը: Առնվազն մեկ-երկու տարի ուշացել ենք առաջընթացի մեջ: Այնպես որ, շատ կոշտ վարչարարություն է կիրառվելու, չնայած ձմռան շեմին ենք: Այլապես մեզ ոչ ոք անվճար գազ չի տալու»:
Ներդրումների մասով երկրի ղեկավարը նպատակահարմար է համարում շարունակել վերջին երկու-երեք տարիների ուղին: Տնտեսական քաղաքականության մեջ անհրաժեշտ ճշգրտումների թվում Ռ. Քոչարյանը հիշատակեց նաեւ պետական ծառայության մասին օրենքը: Վերջինս անցել է արդեն ԱԺ առաջին ընթերցումը: «Սա շատ կարեւոր օրենք է հատկապես Հայաստանի համար, քանզի այստեղ առկա է թայֆայական մտածողություն»: Այս համատեքստում ուսանողներից մեկը հարցադրում արեց Հայաստանում տարվող կադրային քաղաքականության արդարացիության եւ նպատակահարմարության վերաբերյալ: Ռ. Քոչարյանն ընդունեց, որ կադրային քաղաքականությունը մեր երկրում համակարգված չէ: Եվ խոստացավ, որ պետական ծառայության մասին օրենքի ընդունումից 1-1,5 տարի հետո պետական ապարատում կադրային քաղաքականության փոփոխությունները տեսանելի կլինեն: Բայց նախագահը ճշտեց, որ խնդիրը չի վերաբերում նախարարներին, քանի որ նրանց նշանակումները քաղաքական որոշումներ ենՙ պայմանավորված ԱԺ-ի, ընտրությունների եւ այլ գործոններով: Երկրի տնտեսության վերաբերյալ հարցուպատասխանում ուսանողներին հետաքրքրում էին նաեւ նախագահի պատկերացումները Հայաստանի արտաքին պարտքի մարման վերաբերյալՙ 1 մլրդ դոլար արտաքին պարտք-400 մլն դոլար պետական բյուջե հարաբերակցությունը հաշվի առնելով: Նախագահն արդարացավ, որ զուտ թվերը կառավարության օգտին չեն խոսում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանն այս առումով թույլատրելի սահմանը չի անցել: «Մենք մեր պարտքերը ժամանակին չմարելու, առավել եւս դրանցից հրաժարվելու դեպք չենք արձանագրել: Մենք ռիսկային գոտում չենք, պարզապես պիտի փորձենք նոր պարտքեր չկուտակել:
«Հայաստանն այս տարի հյուրընկալել է տասը պետության ղեկավարի»
Քոչարյանը բացառիկ հաջող գնահատեց անցնող տարին Հայաստանի արտաքին քաղաքականության համար: Նա շեշտեց, որ անցած տարիներին միասին այդքան նախագահի չի հյուրընկալել մեր երկիրը, որքան այս տարի: Նշեց նաեւ, որ հաջորդ տարին էլ, իհարկե, ոչ այնքան, որքան այս անցնողը, բայց ակտիվ է լինելու: Ըստ Քոչարյանի, պիտի փոխայցերի, այս մակարդակի շփումների միջոցով նաեւ բարձրացնենք մեր երկրի վարկանիշը:
«ԼՂ անկախության ամենալավ երաշխիքը հենց Ղարաբաղում է»
Այսպիսին էր ուսանողներից մեկի հարցի պատասխանը, որ եթե ԵԱՀԿ-ն չկարողանա հասնել խնդրի կարգավորմանը, ԼՂ անկախության ի՞նչ երաշխիքներ կլինեն: «Եթե ԼՂ-ն կարողանա ապացուցել միջազգային հանրությանը, որ նրան համահունչ է առաջանում, այդ դեպքում յուրաքանչյուր անցնող տարի դե ֆակտո կվերահաստատի իր անկախությունը», նշեց Հայաստանի նախագահնՙ ավելացնելով, թե ասել, որ վաղը կամ մյուս օրը լուծում է լինելու, իրական չէ: Բայց լուծումն ու երաշխիքները կլինեն հենց այդ (ԵԱՀԿ ՄԽ) փաթեթում:
Որքանո՞վ են ճշգրիտ նախագահի ինֆորմացիայի աղբյուրները
Ուսանողները, ի թիվս վերոհիշյալ խնդիրների, անհանգստացած էին նախագահի ինֆորմացիոն աղբյուրների հավաստիությամբ: Ռ. Քոչարյանը խոստովանեց, թե իր աղբյուրների համակարգման մասին երբեք հատուկ չի մտածել, բայց հենվում է վիճակագրության, օբյեկտիվ ցուցանիշների, անձնական ու պաշտոնական շփումների, նաեւ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններին: «Այնպես որ, գուցե ոչ լիարժեք, բայց երկրի վիճակի իրական պատկերը վստահաբար ունեմ»:
Ուսանողները նախագահին բազմաթիվ հարցեր ուղղեցին նաեւ իրենց պրոբլեմների վերաբերյալՙ հանրակացարանների տրամադրում, ասպիրանտական տեղերի ավելացում, բանակային ծառայություն եւ այլն, որոնք նախագահը խոստացավ քննարկել համապատասխան ֆորմատներով:
Նախագահին հարցեր ուղղող ուսանողների բացարձակ մեծամասնությունը տղաներ էին: Երկու տասնյակից ավելի հարցերի հեղիակներից միայն երկուսն էին աղջիկներ: Ընդհանուր առմամբ, ներկա ուսանողները բուհերի ուսխորհուրդների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:
Հանդիպման վերջում ճարտարագիտական համալսարանի ռեկտորը հայտնեց, թե բոլորովին վերջերս իրենք հիմնել են բուհի շրջանավարտների միություն եւ առաջին անդամատոմսը հանձնեց Ռ. Քոչարյանին: Նախագահը հենց այս բուհն է ավարտել: