ԱՆԿԱՐԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է պաշտոնական հայտարարություն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ Անկարան «պաշտպանում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության մեջ, եւ այդ աջակցությունն ապացուցում է կոնկրետ գործերով»: Բանակցային գործընթացի ներկայիս վիճակը Թուրքիայի ԱԳՆ-ն համարում է «փակուղի»: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Թուրքիան «կցանկանար Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջեւ շփումների ընդլայնում, հարաբերությունների զարգացում բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական, սոցիալական եւ մշակութային բնագավառներում»: Անդրադառնալով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, թուրք-հայկական սահմանի բացման հնարավորությանը, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ներկայումս թուրքական կառավարության քաղաքականության վերանայում տվյալ հարցում չի ծրագրվում»: «Մենք դեմ չենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, բայց դրա համար նշանակալի պատասխանատվություն է ընկնում եւ հայկական կողմի վրա», ասվում է փաստաթղթում: