«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ...

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում մեկնարկեց գյումրեցի մի խումբ լրագրողների հայցապահանջը քննող դատավարությունը: Հայցապահանջն ուղղված էր Գյումրիի պետական բուհերի ընդունելության քննությունների հանձնաժողովի դեմ: Սակայն քանի որ ընդունող հանձնաժողովն ինքնին ժամանակավոր մարմին է, արդեն լուծարվել է, ապա որպես պատասխանող կողմ այս դատավարությունում հանդես էր գալիս կրթության եւ գիտության նախարարությունը, որն էլ լիազորագիր էր տվել գյումրեցի մի փաստաբանիՙ իր շահերն այս դատաքննության ընթացքում պաշտպանելու: Դատավոր Վազգեն Լալայանի վարույթում գտնվող այս գործի անդրանիկ նիստը տրամադրվեց հայցվորի պահանջների ու փաստերի շարադրմանը, պատասխանող կողմի շահերի պաշտպանի հարցերինՙ հայցվորին ուղղված: Քանի որ վերջինիս միջնորդությունը բավարարելովՙ դատավորն առժամանակ հետաձգեց նիստը, ներկայացնենք սոսկ այն փաստերը, որոնց տեղեկացանք դատավարության այս փուլի ընթացքում:

Այսպիսով, ներքոշարադրյալ պատմությունը կարող ենք դիտարկել որպես «օրինաչափ» դեպքՙ լրագրողների իրավունքների սահմանափակմանն ուղղված: Սահմանափակումներ, որոնք գործի են գցվում, երբ փորձում ես պարզելՙ բավականաչափ «թափանցիկ» եւ օրենքի շրջանակներո՞ւմ է աշխատում տվյալ մարմինը: Այլապես ինչո՞ւ պիտի արգելեն գյումրեցի լրագրողների մուտքը քննասենյակներ, ուր ընթանում էին գրավոր քննությունները: Սակայն չշտապենք ենթադրություններ անել, քանի դեռ ընթանում է դատավարությունը, պարզապես ներկայացնենք ինքնին «խոսուն» փաստերը: Ընդունելության քննությունները Գյումրիում լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրագրող Արտակ Հովհաննիսյանըՙ «Շանթ» հեռուստառադիոընկերությունից, հանձնաժողովի մերժմանն է արժանացելՙ ցանկություն հայտնելով գրավոր քննությունների 4-ժամյա ընթացքին ներկա գտնվել: Հանձնաժողովի նախագահը վկայակոչել է իր իսկ ղեկավարած մարմնի ընդունած որոշումը, համաձայն որի «մամուլի եւ հեռուստատեսության աշխատակիցների մուտքը քննասենյակներ հարկ է դադարեցնել գրավոր քննությունների ավարտից 1 ժամ առաջ»: Հանձնաժողովին ուղղված խնդիրքըՙ քննություններին ներկա գտնվելու, երկրորդել է նաեւ Լեւոն Բարսեղյանը (ներկայումսՙ հայցվորը), որը «Շանթ» ՀՌԸ-ի «Ռադիո Շանթի» գործադիր տնօրենն ու լրագրողական «Ասպարեզ-ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահն է: Սակայն այս խնդրանքն էլ արժանացել է հանձնաժողովի մերժմանը, թեպետ երկարատեւ բանավեճի ընթացքում Բարսեղյանը փորձել է ապացուցել, որ իրենց ցանկությունը որեւէ կերպ չի հակասում մամուլի ու զանգվածային լրատվամիջոցների ՀՀ գործող օրենքին: Այդուհանդերձ, ո՚չ նրա, ո՚չ էլ «Ասպարեզի» անունից հանդես եկող 18 լրագրողների, ո՚չ էլ նույնիսկ Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության տեղի մասնաճյուղի անդամների բանավոր ու գրավոր դիմումները, բողոքներն ու խնդրանքներն արձագանքի չեն արժանացել հանձնաժողովի անդրդվելի նախագահի կողմից: Այնպես որ, գործը Գյումրիից հասել է Երեւան, լրագրողներն էլ շարունակում են պնդել իրենց պահանջըՙ ուշացումով, սակայն, ամեն գնով ստանալ հանձնաժողովի նիստերի անխտիր բոլոր արձանագրությունների պատճենները:

Ա. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4