«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ԿՀԱՐԿՎԻ՞ ՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել

Ստվերային տնտեսության մասին բազմիցս ենք առիթ ունեցել խոսելու: Նշել ենք կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է չհարկվող շրջանառությունը, առաջարկել կոնկրետ մեխանիզմներ, որոնց կիրառման միջոցով հնարավոր է էապես նվազեցնել բյուջեն շրջանցող տնտեսական գործունեությունը, պարբերաբար ընդգծել, որ աղքատության հաղթահարման, տնտեսական աճի ցուցանիշները բնակչությանը «հասցնելու» եթե ոչ ամենակարեւոր, ապա առանցքային քայլերից մեկն էլ պայքարն է ստվերի դեմ, այլ ոչ թե Արեւմուտքից պարբերաբար աղերսվող վարկերն ու դրամաշնորհները: Սակայն ստվերային տնտեսության ծավալները նվազեցնող արմատական քայլեր իշխանությունների կողմից, համենայն դեպս, մինչեւ վերջերս չէին արվել: Դա իր ուղղակի հետեւանքը թողեց 2001 թ. բյուջեի եկամտային մասի կատարման վրա, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն ունեցավ միջազգային տնտեսական կազմակերպություններիՙ Հայաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշման վրա: Թերեւս վերջիններիս տրամադրած վարկերի անորոշ ժամանակով հետաձգելը ստիպեց Հայաստանի կառավարությանը հարկերի հավաքման կատարելագործման ինչ-որ փորձեր կատարել: Դա հարկային վարչարարությունը խստացնող եւ հստակեցնող օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր, որի ընդունումից հետո դեռեւս որոշ ժամանակ հարկավոր կլինի արդյունքներ ակնկալելու համար:

Ավելի որոշակի եւ կոնկրետ էր կառավարության հաստատած մեկ այլ օրենքի նախագիծՙ «Առեւտրի իրականացման վայրի մասին»: Դա գրեթե 10 տարի անարգել եւ բացահայտ, առանց հարկման գործող ոլորտը կանոնակարգելու եւ հարկային դաշտ բերելու առաջին փորձն է: Խոսքը տոնավաճառային առեւտրի մասին է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների եւ կատարած ուսումնասիրությունների, այստեղից պետբյուջեն տարեկան չի ստանում առնվազն 10-11 մլրդ դրամ կամ 18-20 մլն դոլար, ինչին «Ազգն» անդրադարձել էր մի քանի ամիս առաջ (19 հուլիսի 2001 թ., «Առնվազն 760 մլն դոլարի ստվերային ապրանքաշրջանառություն Հայաստանի տոնավաճառներում»): Այսպիսով, ի՞նչ է ենթադրում այս փաստաթուղթը, որն օրենք դառնալու համար դեռեւս տանջալից ճանապարհ ունի անցնելու:

Հստակ սահմանվում են առեւտրի իրականացման վայրերըՙ տոնավաճառ, շուկա, կրպակաշար, վրանաշար եւ այլն, դրանց կազմակերպման գործունեության իրականացնողները, առեւտրի իրականացման վայրերին եւ կազմակերպիչներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես առեւտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի անհրաժեշտ նվազագույն առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով (վաճառասեղան, կշեռք, հանդերձարան եւ այլն), համապատասխանի հակահրդեհային, սանիտարահիգիենիկ նորմերին, իսկ վաճառատեղերի տեսանելի մասում պետք է նշված լինեն վաճառատեղի հերթական համարը, վաճառողի տվյալները: Տոնավաճառի կամ առեւտրի մյուս վայրերի գործունեության կազմակերպիչները պետք է լինեն պետական գրանցում ստացած առեւտրային ընկերությունները: Ի թիվս այլ պարտավորությունների, կազմակերպիչները պետք է գրավոր պայմանագրեր կնքեն առեւտուրն իրականացնող վաճառողների հետ: Պայմանագրերում պետք է նշվեն վաճառողիՙ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպաիրավական ձեւը, պետական գրանցման համարը եւ ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը եւ հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) գրանցման համարը, վաճառատեղի հերթական համարը եւ հատկացվող տարածքի մակերեսը, մեկ քառակուսի մետրի հաշվով գանձվող վճարի չափը: Այսինքնՙ պետական եկամուտների նախարարությանը հայտնի են դառնում ե՚ւ տոնավաճառների տերերը, ե՚ւ առեւտուր իրականացնողները, ե՚ւ վաճառասեղանների թիվը, ե՚ւ ամենակարեւորըՙ ՀԴՄ-ների միջոցով ապրանքաշրջանառությունը: Դա նշանակում է, որ այս ոլորտից այսուհետ պետք է գանձվեն բոլոր այն հարկատեսակներն ու սոցիալական վճարումները,. որոնք գանձվում էին առեւտրի եւ սպասարկման մյուս օբյեկտներից, արտադրական ձեռնարկություններից: Եվս մեկ կարեւոր դրույթ է պայմանագրեր չկնքելու դեպքում կազմակերպիչներին խոշոր դրամական տուգանքի (1 մլն դրամ) ենթարկելը: Ճիշտ է, առկա է մեկ բացթողում: Նշված չէ, թե ում հաշվին են ներդրվելու ՀԴՄ-ները: Կարծում ենք, արդարացի կլիներ, եթե դա կատարեին կազմակերպիչները:

Ինչ վերաբերում է օրենքը կյանքի կոչելուն, ապա դա նախատեսված է 2002 թ. հունվարի 1-ից: Սակայն, վերստին ընդգծենքՙ խորհրդարանի կողմից հաստատելու դեպքում: Իսկ չհաստատելու վտանգը մեծ է: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ պատգամավորներ այս կամ այն կերպ ներգրավված են այս ոլորտում, քիչ չեն նաեւ նրանք, որոնք անմիջապես քաղաքական դիվիդենտներ կակնկալեն ստանալ: Հատկապես ուժգին դիմադրություն է լինելու ՀԴՄ-ների ներդրման դրույթին: Սակայն, ի վերջո, գոնե այս անգամ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ կատարեն այն, ինչ պարտավոր են կատարել, ինչի համար հարկատուները նրանց վճարում են: Այն էՙ ապահովեն եկամուտների հարկումն ու արդարացի վերաբաշխումն առայժմ գոնե այս ոլորտում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Կցանկանայինք անդրադառնալ եւս մեկ տհաճ իրողության: Վերոնշյալ օրենքի նախագիծը ստանալու համար հարկադրված եղանք դիմել պետական եկամուտների, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին եւ կառավարությանը, սակայն որեւէ տեղից այն մեզ չտրամադրվեց: Պետական եկամուտների նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մինչ կառավարության կողմից հաստատվելը նախարարը նպատակահարմար չի համարում հնարավոր փոփոխությունների ենթակա փաստաթղթի հրապարակումը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության ղեկավարը կառավարության հաստատած տարբերակը խորհուրդ տվեց ստանալ պետական եկամուտների նախարարությունից: Կառավարության լրատվական ծառայությունից դարձյալ հրաժարվեցին օրենքի նախագիծը տրամադրելուց, ասելով, որ իրենք նման փաստաթղթեր չեն տրամադրումՙ խորհուրդ տալով տեղեկանալ «Պաշտոնական տեղեկագրից»: Հարկադրված էինք դիմելու բնագավառին առնչվող հասարակական կազմակերպություններից մեկին, որտեղից էլ ստացանք մեր փնտրած փաստաթուղթը: Առավել քան տարօրինակ է պետական ատյանների նման գործելաոճը, քանզի հիշատակված օրենքն ուղղակիորեն առնչվում է բազմաթիվ մարդկանց եւ անուղղակիորեն մեզ բոլորիս, այսինքնՙ հասարակական հետաքրքրություն է ներկայացնում, եւ նրանք ուղղակի պարտավոր էին տրամադրել լրատվամիջոցներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4