Երեկ մեկնարկեցին հոբելյանական միջոցառումները
- Այս մեկ օրվա ընթացքում, ինչ Հայաստանում եմ, շոշափելի դրական փոփոխություններ նկատեցի: Չորս տարի առաջ էի եղել հայրենիքում, պետք է ասեմ, որ զգալի գեղեցկացել է մայրաքաղաք Երեւանը: Ինձ վրա հատկապես մեծ տպավորություն գործեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին,- իր մտորումները մեզ հայտնեց Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ, Լիբանանի Հանրապետության խորհրդարանի անդամ Հակոբ Գասարճյանը: Նրա խոսքերով, իր համար երջանկություն է Հայաստանն անկախ տեսնելը, հատկապես, որ երկիրն ընթանում է ազատական զարգացման ուղիով: Նա սփյուռքահայ բազմաթիվ ռամկավարների թվում Հայաստան է ժամանելՙ մասնակցելու ՌԱԿ 80-ամյակին եւ ՀՌԱԿ հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնք մեկնարկեցին երեկ: Սփյուռքահայ հյուրերը, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, Հանրապետական վարչության անդամները եւ բազմաթիվ ռամկավարները հյուրընկալվել էին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նոր Նորքի հայորդաց տանը (տնօրենՙ Աիդա Անդրեասյան): Նրանց ողջունեցին եւ հոբելյանի կապակցությամբ իրենց նվերը մատուցեցին այս կրթօջախի սաները: Արվեստի այս հիանալի օջախն ունի հազարից ավելի սաներ, որոնք իրենց արվեստն են ներկայացնում տարբեր բեմերում:
Հյուրերի առջեւ ելույթ ունեցան դպրոցի «Շողակաթ» երգչախումբը, «Նարեկ» պարային, «Նորք» կրկեսային, «Պեգաս» ժամանակակից պարերի եւ այլ համույթներ: Դահլիճում տիրող մթնոլորտը վկայում էր, որ օտարության մեջ ապրող հայի համար իսկական տոն է հայկական պար տեսնելը, երաժշտություն լսելը, մանավանդ մանուկների մատուցմամբ:
- Ես խորապես տպավորված եւ լիցքավորված եմ այս մանուկների տաղանդով եւ պատրաստվածությամբ,- իր կարծիքը դահլիճին հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Աթենքի դպրոցի տնօրեն, ՌԱԿ «Նոր աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը: - Ցավոք, մեր դպրոցի սաներն այսչափ լավ չեն երգում հայերեն, սակայն մենք էլ անում ենք ամենը, որ հայ մանուկը սփյուռքում հայեցի դաստիարակություն ստանա եւ պահպանի ազգային կերպարը:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ