ԲԱՔՈՒ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարող շրջաններում Հայաստանը համարում են ահաբեկչությունը հովանավորող երկիր: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Մեթին Միրզան նույնիսկ վստահություն է հայտնել, որ ադրբեջանական դիվանագիտությունը կհասնի այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղ թե ուշ Հայաստանը կճանաչի ահաբեկչությունը հովանավորող երկիր:
Հիշյալ դիվանագետը, ինչպես եւ Ադրբեջանի կառավարող ու ընդդիմադիր շրջանների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ գտնում են, որ Հայաստանը «միանգամայն արժանի է արդեն այսօր լինելու ահաբեկիչներին հովանավորող երկրների թվում»: Եվ դա ապացուցել, ըստ քաղաքագետ Մուբարիզ Ղուրբանլիի, կարող են այդ քաղաքականության երկու զոհերըՙ Ադրբեջանը եւ Թուրքիան: Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք միավորեն իրենց ջանքերը: Կուրբանլիի ասելով, այդ աշխատանքն արդեն ակտիվացել է ինչպես կառավարությունների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների մակարդակով: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք տեսնել դրա արդյունքները»,-նշել է նա:
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի, Հայաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր չճանաչելը բացատրվում է համաշխարհային հանրակցության անբավարար տեղեկացվածությամբ եւ հայկական սփյուռքի գործունեությամբ: