Ինչպես տեղեկացանք մաքսային կոմիտեի լրատվական ծառայությունից, կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների, ադամանդյա քարերի եւ արտարժույթի մուտքը Հայաստան:
«Զվարթնոց» օդանավակայանում Բեյրութ-Երեւան չվերթի ուղեւոր Մելքոն Խայանը փորձել է ներկրել 39 կարատ ադամանդյա քարերՙ 6 մլն 519 հազ. դրամ արժողությամբ, իսկ Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւոր Արթուր Սիմոնյանը չի հայտարարագրել իր ունեցած 13500 դոլարից 3500-ը:
Մաքսանենգության մյուս դեպքերը գրանցվել են Բագրատաշենի մաքսատանը: Մասնավորապես կանխվել է Սադախլոյի շուկայից գնված 1 մլն 326 հազար դրամի իտալական արտադրության զուգագուլպաների, 2 մլն 462 հազար դրամի 87 տարբեր տեսակի անվադողերի եւ 1 մլն 787 հազար դրամի 50 կաշվե բաճկոնների ներմուծումը Հայաստան: Այս առթիվ մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացվող դեպքերը մինչեւ վերջերս Բագրատաշենի շուկայում տիրող անվերահսկելիության հետեւանք են, ինչն էլ խոսում է շուկայի կանոնակարգմանն ուղղված ներկայումս իրականացվող միջոցառումների անհրաժեշտության մասին:
Սակայն անհասկանալի է, թե կոնկրետ ե՞րբ են կանխվել մաքսանենգության փորձերը եւ դրանք «շուկայի անվերահսկելիությա՞ն», թե՞ «իրականացվող միջոցառումների» արդյունք են:
Ա. Մ.