«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2001-11-24 | #217, 2001-11-27 | #218, 2001-11-28


ԴԱՌՆԱԼ ՈՍԿԻ ԿԱՄՈՒՐՋ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ

Հոբելյանական տոնակատարության ավարտական ակորդը Հայաստանի ազգային օպերային թատրոնում կազմակերպված միջոցառումն էր, որին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, պաշտոնական այլ անձինք:

Բանախոսությամբ հանդես եկավ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Գասարճյանը, որը ՌԱԿ-ի 80-ամյակի եւ ՀՌԱԿ-ի հիմնադրման տասնամյակի տոնակատարությունները գնահատեց որպես պատմական օր:

«Ծայրայեղութիւնը, մոլեռանդութիւնը եւ մենատիրական ձգտումները, մասնավորապես ասաց բանախոսը, տխուր աւերներ գործած են մեր ժողովուրդի գլխուն ու այդ աղէտներու փորձէն օգտուելով մեր կուսակցութիւնը հանդիսացած է չափաւորութեան, հաւասարակշռութեան եւ միասնականութեան հետամուտ քաղաքական կազմակերպութիւն մը, եւ այդ գաղափարները ոչ միայն արձանագրած է իր հաւատոյ հանգանակին մէջՙ այլ գործնականապէս իրականացուցած է իր գործունէութեան դաշտէն ներս»: Իբրեւ Լիբանանի քաղաքացի այս երկրում ապրող հայ ռամկավարները պարտավորություններ ունեն հյուրընկալ երկրի նկատմամբ, սակայն նաեւ պարտավորություններ հայրենիքիՙ Հայաստանի հանդեպ: «Այդ առումով մեր առաքելութիւնը դիւրացուցին նախագահներ պրն Քոչարեանը եւ զօրավար Լահուդը, որոնք ամուր հիմերը դրին զոյգ երկիրներու միջեւ սերտ յարաբերութեան», իր խոսքը եզրափակեց ՌԱԿ ատենապետըՙ հայրենիքի գաղափարակիցներին Հայաստանի խորհրդարանում դեմոկրատիայի եւ խոհուն հայրենասիրության ձայնը հնչեցնելու մաղթանք հղելով:

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ կուսակցությունը վերջին ժամանակներս դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ազդեցիկ ուժերից մեկը: «Եվ դա շնորհիվ այն բանի, ասաց ատենապետը, որ հայկական ավանդական կուսակցություններից ամենաերկար պատմություն ունեցող Արմենական կուսակցության նվիրյալ հետեւորդն է: Մեր կուսակցության այսօրվա խնդիրը հայրենիքի բարօրությանը, հայրենիքի ամրապնդմանն ուղղված ջանքեր են, հայրենի իշխանություններին սատար լինելը: Կուսակցությունը բարեկամական, ջերմ հարաբերությունների մեջ է նաեւ հայ հոգեւոր կենտրոնիՙ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հետ, այն համարելով որպես հայ ժողովրդի միասնական հոգեւոր, գլխավոր եւ միակ կենտրոն»:

Հանդիսության ավարտին բազմաթիվ մասնակիցներ ողջույնի իրենց խոսքն էին ասում: ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը շատ մեծ տպավորություններ ունի հոբելյանական տոնակատարությունների կազմակերպիչների տաղանդավոր աշխատանքից:

«Կուսակցութեանը վայել, 80-ամեակին եւ 10-ամեակին վայել ձեռնարկ մըն էր,- ասաց Երվանդ Ազատյանը: Բարեբախտութիւն ունեցանք Հայաստանի նախագահին եւ հայ հոգեւոր գերագոյն պետին ներկայութիւնն ալ վայելելու, որ կնշանակէ, թէ կուսակցութիւնը համընդհանուր շահերու ծառայող կազմակերպութիւն մըն է»:

Խոսելով այն մասին, որ ռամկավար-ազատական գաղափարախոսությունը մայր հայրենիքում հաղթանակում է, ՌԱԿ ատենապետը նշեց. «Տեղական կազմակերպութեան աշխատանքն իսկապես տպավորիչ է, մանաւանդ որ այսօր նոր պայմաններ ստեղծուած են ավանդական կուսակցութիւններու գործունեութեան համար: Այլեւս հալածանքներ չկան, եւ բոլորի գաղափարները արտայայտելու եւ դրանք գործի վերածելու հնարաւորութիւնները ստեղծուած են: Մեր ընկերները այդ առիթից օգտուելով կազմակերպչական իրենց լաւագոյն ուժերը լարած են, որպէսզի հաւաքագրեն նոր անդամներ եւ մեր գաղափարաբանութեան դրօշին ներքեւ կարողանան իրենց խոսքն ըսել վաղը մեր պետութեան օղակներուն մէջ»:

ՌԱԿ Եգիպտոսի կազմակերպության ատենապետ Նորայր Դովլաթյանը հիացած էր տոնակատարությունների կազմակերպումով. «Հրա՜շք է, հոյակա՜պ է, հատկապէս երգչախումբը, երիտասարդները հոյակապ են: Սա իմ իններորդ այցելութիւնն է մայր հայրենիք: Ես մէկ բան պիտի առաջարկեմ. մեր խօսքը եւ գործը պէտք է զուգահեռ ընթանան: Մենք խօսքի պէտք այլեւս չունինք, պէտք է գործենք, պէտք է աշխատինք: Եւ մեր աշխատանքը պէտք է ոսկի կամուրջը դառնայ մեր անցեալի ու ապագայի միջեւ: Որակեալ կուսակցական ընկերներու բանակ է հոս ստեղծուած: Բայց պէտք է աւելացնել այդ հաւատաւոր կուսակցական ընկերներու թիւը, որպէսզի կարողանանք հասնիլ մեր հայրենիքի բարգաւաճման, մեր ժողովուրդի բարօրութեան»:

Հանդիսության մասնակիցների համար կազմակերպվել էր ճոխ, անմոռանալի համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին մեր երկրի լավագույն կատարողները, երգչախմբերը եւ նվագախմբերը:

Երեկոյին մեծ շուք տվեցին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյան), հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի (դիրիժորՙ Ռուբեն Ասատրյան), ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, Հասմիկ Հացագործյանի, ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի, Արա Գեւորգյանի, ասմունքող Սարգիս Նաջարյանի եւ այլոց կատարումները: Հանդիսության տոնական համերգի կազմակերպիչ, բեմադրող ռեժիսոր Տիգրան Հեքեքյանը կարողացել էր ստեղծել բարձրաճաշակ մի ներկայացում, որը գեղագիտական մեծ հաճույք պատճառեց հանդիսատեսին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4