«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2001-11-24 | #217, 2001-11-27 | #218, 2001-11-28


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ռամկավար Ազատական կուսակցության հիմնական գաղափարախոսություններից մեկը եղել եւ մնում է Հայ դատի հետապնդումը, եւ բնական էր, որ սփյուռքից ժամանած ռամկավարներն իրենց պարտքը համարեցին այցելել դարասկզբի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հոբելյանի առիթով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ռամկավարները, Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարները, մարզային կառույցների ներկայացուցիչները երեկ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշարձանին, կուսակցության ղեկավարները մասնակցեցին ավանդական դարձած ծառատունկին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որը թուրքերի կատարած ոճրագործության ապացույցն է, թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը հյուրերին ծանոթացրեց այստեղ պահվող պատմական նյութերին: Ցեղասպանության թանգարան էր եկել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն գործիչ, ամերիկահայ Սուրեն Աբրահամյանը: 94-ամյա հեղինակը թանգարան-ինստիտուտին նվիրեց «Վանից Դետրոյթ. հայկական ցեղասպանությունից մազապուրծ» գիրքը, որի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա այսօր: Սուրեն Աբրահամյանը մեր օրերում այն քիչ մարդկանցից է, որ վերապրել է Հայոց ցեղասպանությունը:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4