Երեւանում վերջերս անցկացվեց մանկապատանեկան «Նռան հատիկ» թատերական փառատոնըՙ հովանավորությամբ գերշ. Մեսրոպ արք. Աշճյանի: Մայրաքաղաքի դպրոցների (Պուշկինի, Գ. Հովսեփյանի, Գր. Զոհրապի, Ղ. Աղայանի, Ավ. Իսահակյանի), մանկապատանեկան թատերական ստուդիաների սաների մասնակցությամբ նման տեւողությամբ (1 ամիս) եւ ընդգրկումով այս միջոցառումը նախադեպը չէր ունեցել մայրաքաղաքում:
Թատերական խմբերը հանդես եկան «Մետրո», «Համազգային» թատրոնների եւ այլ բեմահարթակներում: Երեւանի Գ. Հովսեփյանի անվ. թիվ 30 դպրոցի վալդորֆյան 6-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտները հանդիսականին ներկայացրին հին հույն թատերգակ Էսքիլեսի «Պրոմեթեւսը շղթայված» պիեսը (գեղ. ղեկ.ՙ Ա. Ադոնց) եւ «Ժոնգլյորը» ֆրանսիական միջնադարյան լեգենդը (գեղ. ղեկ.ՙ Ա. Աթայան):
Իմաստային բազմաշերտությամբ միջնադարյան ֆրանսիական իրականության մասին պատմող «ժոնգլյորը» լեգենդում շոշափվում են մարդու հոգեւոր կյանքի բավականին լուրջ ասպեկտներ: Նյութի հագեցվածությունը, ենթաշերտի խորքային ընկալումը պատանիների համար այնքան էլ դյուրին չէր (ներկայացմանը նախորդել էր բավականին լուրջ եւ խնամքոտ աշխատանք), բայց ի պատիվ պատանիների պիտի ասել, որ նրանք կարողացան հանդիսատեսին հասցնել նյութի բուն ասելիքը. ստեղծելով միջնադարյան կոլորիտՙ զգեստավորման, երաժշտական ճաշակավոր ձեւավորման շնորհիվ: Իրենց խաղի մեջ պատանիները միաձույլ եւ ներդաշնակ էին կերպարներինՙ դուրս այս իրականությունից, տրված ժոնգլյորի թափառիկ կյանքի ազատ տարերքին:
Բեմադրության գեղ. ղեկավար Արա Աթայանին հաջողվել էր իրականացնել իր առաջ դրված խնդիրներըՙ ներկայացնել միջնադարյան Ֆրանսիանՙ ասպետականությունը, տրուբադուրների արվեստը, վանական մշակույթը եւ հիմնականում կյանքի աշխարհիկ բազմազանության (խաբուսիկ, միրաժային) եւ հոգեւոր, վանական ճգնակյաց կյանքի հակադրությունը:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ